Ադրբեջանը որոշել է քրեական գործ հարուցել շվեյցարացի լրագրողների դեմ Ղարաբաղ այցելության պատճառով
Շվեյցարական Schweizer Monat («Շվեյցարական ամիս») ամսագրի խմբագրությունը նամակ է ստացել Բեռնում Ադրբեջանի դեսպան Խանիմ Իբրահիմովայից, որում ասվում է, որ պարբերականի գլխավոր խմբագիր Ռոբի Գրոբը եւ երեք աշխատակից Ադրբեջանում կհայտարարվեն պերսոնա նոն գրատա, տեղեկացնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Neue Zürcher Zeitung-ին։
Դեսպանը նաեւ տեղեկացրել է գլխավոր խմբագրին, որ նրա ու նրա գործընկերների դեմ կհարուցվի քրեական գործ առանց Բաքվի թույլտվության Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։
Schweizer Monat-ի սեպտեմբերյան թողարկումը նվիրված էր չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։ Ամսագրի այդ համարում 34 էջով հրապարակվել է ավելի քան տասը հոդված Լեռնային Ղարաբաղի մասին, տպագրվել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հարցազրույցը։ Շվեյցարացի լրագրողները նկարագրել են հանրապետության քաղաքական եւ տնտեսական վիճակը, ինչպես նաեւ եղել շփման գծում։
Ուղեւորությունը կազմակերպվել եւ ֆինանսավորվել էր Հարավային Կովկասի Շվեյցարական հիմնադրամի կողմից։ Ռոնի Գրոբը եւ նրա երեք աշխատակիցները եղել են Երեւանում, որտեղից նրանց տարել են Ղարաբաղ։