«Ինչի՞ ենք մենք մրցում Jingle Bells-ի հետ կամ ով է ասել, որ Վարչապետն ինձ հանձնարարել է Համաշխարհային հիթ ստեղծել»․ Գարիկ Պապոյան (Տեսանյութ)
Երաժիշտ Գարիկ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում խոսել է իր և Սոնա Ռուբենյանի նոր ամանորյա երգի մասին։
«Վերջերս ինձ զանգահարում է Տիգրանը Վիրաբյան՝ իմ կողմից շատ հարգված մշակույթի գծով փոխքաղաքապետը, ու ասում ա՝ Գար, ի՞նչ ես կարծում՝ չարժի էս տարի մի հատ նոր, հայկական ամանորյա երգ անել, ասում եմ՝ արժի, հաճույքով կանենք, մանավանդ, որ ես ու Սոնան նպատակ ունենք ու այդպիսի երազանք ունենք՝ էդ երգն անելու, ասում ա՝ բայց կհասցնե՞ք, ասում եմ՝ հա, անպայման, կնստենք, կաշխատենք, վերջիվերջո մեր սիրած գործն ա ու երազանք ա, իհարկե անենք․․․ընթացքում մի օր ա գալիս, որ օրվա մեջ տարբեր լրագրողներ են ինձ զանգահարում ու բա՝ Գարիկ, ի՞նչ եք կարծում՝ ձեզ իրոք կհաջողվի հաղթել Jingle Bells-ին։
Ասում եմ՝ ի՞նչ Jingle Bells, թե բա վարչապետն ասաց, որ ձեզ հանձնարարվել է համաշխարհային հիթ ստեղծել, որը կհաղթի Jingle Bells-ին, ասում եմ՝ ո՞նց վարչապետն ասաց, ո՞նց կարա տենց բան լինի, չեմ հասկանում, որովհետև հիմա էլ որ սենց ասում են՝ մի քիչ անհասկանալի նախադասություն ա՝ համաշխարհային հիթ է ձեզ հանձնարարվել ստեղծել, որովհետև դա չես կարող հանձնարարել, որ ինչ-որ մեկը ստեղծի, հիթը չեն ստեղծում, հիթը ֆենոմեն ա, դա կամ սիրվում ա, կամ չի սիրվում։ Ու կցկտուր հարցազրույցներն ավարտում եմ, որովհետև ինֆորմացիայի չեմ տիրապետում, փորձում եմ դիտել պարոն վարչապետի ելույթը։ Դիտում եմ, նորմալ ա ամեն ինչ, մարդ ա, երազում ա, ու շատ լավ բան ա երազում, ասում ա, որ եթե ամեն տարի աշխատենք, նոր երգեր ստեղծենք, մի օր միգուցե կարողանանք նաև մրցել Jingle Bells-ի հետ։ Բայց դա չի նշանակում, որ ինձ հանձնարարել են մրցել Jingle Bells-ի հետ։
Ու ֆեյսբուքում ինչ-որ խոսակցություններ է սկսում, մարդ կա ասում ա՝ էս երգը բոյկոտենք, երգը դուրս չեկած մարդ կա զզվում ա էս երգից, մեկ գրում ա՝ ապուշություն ա, մեկ վիրավորում ա անիմաստ տեղը ու զանգերը շարունակվում են, անընդհատ՝ հը, ո՞ւր հասանք, հաղթո՞ւմ ենք Jingle Bells-ին, ասում ենք՝ ո՞նց կարա տենց բան լինի, ինչի՞ ենք մենք մրցում Jingle Bells-ի հետ, մի օր զանգահարելու եք,ասեք՝ այս տարի հանձնարարել են, որ հաղթենք Sting-ի «Shape of My Heart»-ին։ Չէ ընկերներ, մեր հերթական երգն էր, որն այս ֆոնին չենք էլ ուզում դուրս գա, վախենում ենք, սպասելիքներն այնքան մեծ են, որ չի կարա որևէ մեկին այն դուր գա։ Ուղղակի անկեղծ եմ ասում՝ ես, Սոնա Ռուբենյանը, Ավետ Բարսեղյանը, Տիգրան Վիրաբյանը փորձել ենք ուղղակի էս մեր նոր, Jingle Bells-ին հաստատ չհաղթող, վատ երգով անշահախնդիր ավելի քաղցրացնել ձեր Ամանորը»,-պատմեց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ նոր հայկական երգ պետք է ստեղծվի, որն այնքան պոպուլյար դառնա, որ կմրցակցի jingle bells-ի ․ «Ես խանդով էի վերաբերվում, որ ամանորյա տոներին գլոբալ երգերն ու երաժշտությունն ավելի պոպուլյար են, եւ ոչ թե հայկականը, եւ ես խնդիր էի դրել, որ Ամանորի համար նոր երգ գրվի, ինչպես նաեւ ծննդյան տոնակատարոթյունների համար, եւ պետք է նոր երգ գրելու ավանդույթը շարունակենք այնքան ժամանակ, որ նոր երգը այնքան պոպուլյար լինի Հայաստանում, որքան jingle bells-ը կամ happy birthday-ը։ Երեկ իմացա, որ նոր երգ կա Ամանորի հետ կապված, որը կներկայացվի Հանրապետության հրապարակում։ Մենք պրոցեսը այնքան պետք է շարունակենք, որ ՀՀ-ում ծնվի մի երգ, որը իր պոպուլյարությամբ կհաղթի գլոբալ երգերի հետ եւ կմրցակցի jingle bells-ի կամ happy birthday-ի հետ»։