Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրոք հրաժարվել է կենսաթոշակից, որը նրան կտրամադրվի հետագայում որպես նախկին նախագահ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրոք հրաժարվել է կենսաթոշակից, որը նրան կտրամադրվի հետագայում որպես նախկին նախագահ: Այդ մասին կիրակի Le Parisien թերթին հայտնել է Ելիսեյան պալատից նախագահի խորհրդականներից մեկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ նախագահի որոշումը վերաբերում է ինչպես կենսաթոշակին, որը նրա նախագահական ժամկետը սպառվելուց հետո կնշանակվի, այնպես էլ այն վարձատրությանը, որը կարող է վճարվել նրան, եթե հաղթի առաջիկա նախագահական ընտրություններում եւ նախագահի երկրորդ ժամկետում մինչեւ 2027 թվականը: Մակրոնը նաեւ հրաժարվել է օրենքով նախատեսված Սահմանադրական խորհրդում ցմահ պաշտոնից:
Ֆրանսիայի նախկին նախագահներին կենսաթոշակը վճարվում է օրենքով սահմանված կարգով 1955 թվականից առ այսօր եւ կազմում է ամսական 6220 եվրո: Այդ գումարը կախված չէ ո՛չ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամեկտից, ո՛չ նրա տարիքից կամ անձնական ունեցվածքից: Սահմանադրական խորհրդի անդամի աշխատավարձը կազմում է ամսական 13500 եվրո:
Ելիսեյան պալատում ընդգծել են, որ Մակրոնի որոշումը հիմնված է «երկրում իրավիճակին համապատասխան գործելու» ցանկության վրա: «Մենք ապրում ենք դժվար ժամանակներում, երբ ընտրված մարդիկ պետք է օրինակ ծառայեն իրենց վարքով»,-հավելել է Ֆրանսիայի նախագահի խորհրդականը: