Մել Դալուզյանի ֆիլմը մեծ ողբերգության մասին է, այն քարկոծելը բարբարոսություն է․ Արմեն Մարգարյան (Տեսանյութ)
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվում է Քեն Քիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» վեպի հիման վրա ստեղծված ներկայացումը. բեմադրության և վարկածի հեղինակն է ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը:
Այս ստեղծագործությունը հիվանդ իրականության դեմ անհատի ընդվզման մասին է, ով զոհելով ինքն իրեն՝ փորձում փրկել և ապրելու հույս ներշնչել բոլոր նրանց, ովքեր մոլորվել են կամ ինքնամփոփվել իրենց մեջ և փորձում են փախուստ գործել իրականությունից:
Արդյո՞ք անհատի պայքարը համակարգի դեմ այսօր էլ արդիական է: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս և այլ հարցերի անդրադարձել է դերասան Արմեն Մարգարյանը: Նրա խոսքով՝ այս թեման միշտ էլ արդիական է, քանի որ մարդիկ միշտ էլ դեմ են եղել որոշակի կանոնների և ազատության սահմանափակմանը:
«Ազատությունը բարդ համակարգ է: Հայտնի փիլիսոփաներից մեկն ասել է. «Մարդկության մեծամասնությունը վախենում է ազատությունից, որովհետև հասկանում է դրա պատասխանատվությունը»: Այսինքն՝ ազատ լինելը պատասխանատու բան է:
Անդրադառնալով Մել Դալուզյանի մասին ֆիլմի շուրջ առաջացած աղմուկին, որի հետևանքով, ըստ շրջանառվող լուրերի՝ անգամ նա քիչ էր մնում ինքնասպանություն գործեր, Արմեն Մարգարյանը նշեց. «Հանրության հարձակումը սխալ է… Մել Դալուզյանի ֆիլմը մարդկային մեծ ողբերգության մասին է, այն քարկոծելն ուղղակի բարբարոսություն է: Լինելով քրիստոնյա՝ մենք բավականին քրիստոնյա չգտնվեցինք Մելի հանդեպ»:
Մանրամասն՝ տեսանյութում: