Լավրովը պատմել է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հեռանկարների շուրջ Թրամփի նամակի մասին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Մոսկվայի հետ երկխոսության հնարավորությունները զարգացնելու պատրաստակամության մասին՝ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Նախագահ Թրամփը կարճ նամակ է ուղարկել՝ ասելով, որ մենք պատրաստ ենք շարունակել փնտրել մեր հարաբերությունների խնդիրները հաղթահարելու ուղիները»,-պատմել է դիվանագետը Ռուսական Առաջին ալիքի եթերում:
Անցած շաբաթ Լավրովը հանդիպել էր Թրամփի եւ ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ Վաշինգտոնում: Ամերիկայի առաջնորդն ավելի ուշ հայտարարել էր, որ անցկացրել է «շատ լավ հանդիպում» ռուս նախարարի հետ: Ինչպես պատմել է Թրամփը, քաղաքական գործիչները քննարկել են իրավիճակն Իրանում, Հյուսիսային Կորեայում, ՄՓՀՀ պայմանագիրը, ինչպես նաեւ միջուկային սպառազինությունների վերահսկողության հարցը:
ԱԳ նախարարը նաեւ ընդգծել է, որ հանդիպումն անցել է փոխըմբռնման մթնոլորտում, իսկ երկու կողմերը հայտնել են հետաքրքրվածություն աշխատելու այն ոլորտներում, որտեղ հնարավոր է արդյունքներ գրանցել:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, իր հերթին, ողջունել է Թրամփի հետ Լավրովի հանդիպման փաստը, սակայն ընդգծել, որ երկկողմանի հարաբերություններում որոշակի դրական տեղաշարժի մասին վաղ է խոսել: