«Երեւանը մեծ սիրտ է»․ մոդելային գործակալության հիմնադիր Նինա Ռասյուկը խորհուրդ է տալիս՝ որտեղ ուտել-խմել եւ հագնվել հայկական մայրաքաղաքում
Tez Models մոդելային գործակալության հիմնադիր Նինա Ռասյուկը նորաձեւության ռուսական buro247 կայքում հրապարակել է «Ի՞նչ անել ամանորյա արձակուրդներին Երեւանում» վերնագրով հետազոտությունը»։
Ռասյուկը խորհուրդ է տալիս, թե որտեղ պետք է մնալ՝ հիմնական շեշտը դնելով դիզայնի վրա։ «Արդիականությունը եւ առավելագույն հարմարավետությունը հիանալի համադրվում են կովկասյան ազատատենչ ոգու հետ, որը մարմնավորվում է ֆակտուրաների, անհարթությունների ու դետալների մեջ, որոնք հաստատ չես հանդիպի «Ռեդիսոն»-ում կամ «Հիլթոն»-ում», - գրում է նա:
Գեղեցիկ կյանքի բանիմաց Ռասյուկին ռեստորաններից հատկապես դուր է եկել Muraba Shop & More-ը. «Կա մի վայր, որտեղ դուք չեք կարող պարզապես գնալ եւ ճացանկից ինչ-որ բան ընտրել (քանի որ այստեղ պարզապես չկա): Այն կոչվում է Muraba Shop & More. Այստեղ դուք կարող եք միայն նախապես զանգահարել, պատմել, թե ինչ եք ուզում եւ այն կպատրաստեն ձեզ համար։ Մի զանգ, եւ դուք կարծես խոսում եք ձեր տատիկի հետ եւ նրան խնդրում եք պատրաստել ձեր սիրելի ուտեստը...Մեկ այլ վայր էլ՝ ոչ այնքան գաղտնի, դա սրճարան Jengyalov Hac-ն է։ Ժենգյալով հացը հայկական լոշ է, որի մեջ 10-ից ավել տեսակի կանաչի կա։ Պարզապես պաշտում եմ»։
Հեղինակը խորհուրդ է տալիս նաեւ, թե որտեղ կարելի է հագնվել: «Երեւանը շոփինգ-ուղղություն չէի անվանի։ Բայց եթե ճամփորդություններից դուք սովոր եք տեղական դիզայներներից ինչ-որ բան ձեզ հետ վերցնել, ապա այստեղ կա երկու կոնցեպտ սթոր՝ 5 concept եւ Cocos Island: Անձամբ ինձ դուր է գալիս առաջինը», - կիսվել է Նինա Ռասյուկը։
Թանգարաններից նա խորհուրդ է տալիս գնալ Փարաջանովինը։ «Գլխավորն այն է, որ ներսում ինքը՝ Փարաջանովն է, որը պահպանվել է բազմաթիվ տարբեր իրերում։ Նկարներ եւ կոլաժներ, կահույք եւ տիկնիկներ, չհրապարակված սցենարներ եւ արվեստի օբյեկտներ, որոնք Փարաջանովը ստեղծել է բանտում», - գրել է հեղինակը: Նա նաեւ խորհուրդ է տալիս Megerian Carpet Museum-ը, որտեղ հավաքված են հարյուրավոր հայկական ձեռագործ գորգեր՝ հին ու ժամանակակից։ «Գնացեք Komitas Museum-Institute՝ նվիրված հայ կոմպոզիտոր Կոմիտասին։ Թանգարանի ճարտարապետությունը ոչ պակաս հաճելի է, քան դրա բովանդակությունը», - կարծում է նա։
Դե, Նինա Ռասյուկը հասցրել է նաեւ լավ ժամանց անցկացնել։ Ընդ որում, շատ երեւանցիների համար ճիշտ, հարազատ վայրերում։ «Երեւանի բարերի հետ ամեն ինչ գերազանց է, - գրում է նա՝ թվարկելով հաստատություններ եւ խորհուրդ տալով. - Անպայման երեկո հատկացրեք Mirzoyan Library-ի համար։ Ընդհանրապես սա լուսանկարչական գրքերի առաջին գրադարանն է, բայց այստեղ կարելի է եւ զվարճանալ, ինչ-որ համեղ ու գեղեցիկ բան խմել»։
Պատասխանելով իր իսկ հարցին․ «Ո՞ր վայրն եք համարում քաղաքի սիրտը»։ «Ռասյուկը գրում է. «Երեւանը մի մեծ սիրտ է, դժվար է մեկ վայր նշել։ Կարող եմ հստակ ասել, որ Երեւանի աչքերը Կասկադն է»։