Մեր հայրենիքը ցավոք սրտի ծածկված է աղբով, և սա նորություն չէ. Փաշինյան
Մեր հայրենիքը ցավոք սրտի ծածկված է աղբով, և սա նորություն չէ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջետային ծրագրերի քննարկմանը վերաբերող խորհրդակցության ժամանակ իր խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանում իմ շրջագայությունները ոչ միայն վարչապետի կարգավիճակում, այլեւ դրանից առաջ, ինձ հանգեցնում են մի տխուր եզրակացության, որ մենք կարծես աղբի հարեւանությամբ, հանգիստ խաղաղ եւ հաշտ ենք ապրում: Կարծես մի տեսակ ներդաշնակություն է ձեւավորվել: Ես, անկեղծ ասած, չեմ կարողանում պատկերացնել այն տեսարանը, երբ ՀՀ քաղաքացիներ կանգնած զրուցում, քննարկում են առօրյա խնդիրները եւ նույնիսկ նարդի են խաղում, երբեմն նույնիսկ խնջույք են կազմակերպում եւ միջավայրն ամբողջությամբ պատված է աղբով: Ես ուղղակի այս տեսարանը շատ դժվարությամբ եմ ընկալում»,-սաց Փաշինյանը:
Նա նկատեց, որ այստեղ, իհարկե, կա նաեւ մակրո խնդիր. դա աղբի վերամշակման գործարան ունենալն է. «Մենք այդ քննարկումներն անում ենք: Բայց կա նաեւ տեղային խնդիր: Իմ տպավորությամբ ՀՀ քաղաքացիները ՏՄ մարմիններից բավարար հետեւողականությամբ չեն պահանջում, որ աղբի կառավարման հետ կապված խնդիրները լուծվեն: Երեւանում մենք տեսանք աղբի ճգնաժամը եւ դրա հաղթահարումը: Երբ այսօր տեղեկանում ենք, որ գյուղապետարաններում ունենք համատարած խնդիր, երբ համայնքների շատ ղեկավարներ գյուղապետարաններում կեղծ հաստիքների վրա կեղծ մարդկանց են աշխատանքի ընդունել եւ միլիոնավոր դրամներ դուրս գրել, մյուս կողմից այդ համայնքները աղբի մեջ են, առաջին միտքը, որ գալիս է այն է, որ եթե քաղաքացիները համայնքային նշանակության խնդիրները ձեւակերպեին, այդ գյուղապետերը ժամանակ եւ կարողություն չէին ունենա այդ չարաշահումները թույլ տալու:
Այսօր ջրամբարները դարձել են աղբանոցներ համատարած, եւ դա գյուղերի մեջ, ամենաբանուկ տեղերում: Էլ չեմ ասում քաղաքից դուրս բնակիչների կողմից ընտանեկան խնջույքներ կազմակերպելու մասին. ես չեմ կարողանում հասկանալ, որ գերդաստանով երկար սեղան է գցած եւ սեղանից աջ ու ձախ, առաջ եւ հետեւ համատարած աղբ է, որ կարելի է այդ պայմաններում իրադարձություն նշել, կենացներ ասել հայրենիքի, ընտանիքի մասին:
Այստեղ նաեւ գալիս է անհատական մակարդակի խնդիրը: Ես չեմ տեսնում, որ մեզ մոտ աղբի դեմ կռիվ կա, պատերազմ կա, կոնֆլիկտ կա: Ես չեմ ասում, որ ՀՀ քաղաքացիները պետք է ավելը վերցնեն եւ սկսեն Հայաստանը մաքրել: Իմ արձանագրումն այն է, որ էս մակարդակներում խնդիրները մեկը մյուսի հետ անմիջականորեն կապված են: Եթե մենք անհատական մակարդակում աղբը չհանդուրժենք, գլոբալ մակարդակով ոնց պետք է հանդուրժենք: Սա կառավարման խնդիր է, բայց առաջին հերթին քաղաքակրթական խնդիր է»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ ցավոք սրտի, աղբի հանդեպ հանդուրժողականությունն է, որ Հայաստանում հանդուրժում է կոռուպցիան, որ ՀՀ-ում հանդուրժում է չարաշահումները, բազմաթիվ այլ ոլորտների աղբեր:
«Մինչեւ էսօր շատ սովորական խնդիր է, որ կարելի է ավտոմեքենայի պատուհանից բան շպրտել՝ տարբեր ծավալների: Երեւանի փողոցներում համատարած ծխախոտի մնացորդներ են: Պարզ է, որ քաղաքապետարանի խնդիրն է մաքրել փողոցները, բայց քանի դեռ ՀՀ այն քաղաքացին չի ձեւավորվել, որ ամեն մի աղբ գցողի իր պարտքն է համարում դիտողություն անելը՝ անկախ դրա հետեւանքներից, այս խնդիրը էլի մնալու է, եթե անգամ միլիարդներ ներդնենք: Մեր խնդիրն է կանխարգելելը, ոչ թե աղբ նետողին տուգանելը: Մեկը մյուսին չի խանգարում:
Մեր երկրում շատ երկար ժամանակ աղբի հետ ձեւավորվել են ներդաշնակ հարաբերություններ: Աղբի հետ հարաբերություններում հաշտության մթնոլորտ է, այս իրավիճակը պետք է փոխվի: Հայաստանում մենք աղբին պետք է պատերազմ հայտարարենք: Ես չեմ ասում, որ այդ պատերազմում մենք բլից-կրիգով կարող ենք լուծել: Առնվազն անհատական մակարդակում աղբի նկատմամբ անհանդուրժողականության գիծ պետք է որդեգրենք»: