Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան Հայաստանի և ողջ տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է. ՌԴ դեսպանատան ներկայացուցիչ
Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան Հայաստանի եւ ողջ տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է: Այս մասին այսօր Երեւանում Եվրասիական տնտեսական ակումբի 6-րդ ամենամյա նիստում «2019 թվականին հայ-ռուսական հարբերությունները: Նոր հնարավորությունների պատուհան» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանի խորհրդական Ալեքսեյ Սինեգուբովը:
Նա նշեց, որ 2020 թվականը հատուկ տարի կլինի երկու երկրների համար: Բարձր գնահատելով Մեծ Հաղթանակի գործում հայ ժողովրդի ներդրումը, ինչպես նաեւ այն փաստը, որ Հայաստանն այդ ամսաթիվը նշում է մեծ շուքով, Սինեգուբովը վստահություն հայտնեց, որ Մեծ Հաղթանակի 75-ամյակը կնշվի բարձր մակարդակով եւ դաշնակցային հարաբերությունների ոգով:
Նշենք, որ տվյալ համաժողովը կազմակերպել են «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտավերլուծական հասարակական կազմակերպությունն ու Եվրասիական փորձագիտական ակումբը: