Առաջին անգամ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը ռեկորդ կսահմանի. ՌԴ դեսպանատան ներկայացուցիչ
Այս տարին շատ հաջող էր տարբեր ուղղություններով Ռուսաստանի և ԵՏՄ այլ անդամ երկրների հետ Հայաստանի համագործակցության տեսանկյունից: Այս մասին այսօր Երեւանում Եվրասիական տնտեսական ակումբի 6-րդ ամենամյա նիստում հայտարարեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ 2019 թվականը շահավետ էր եւ հաջող ԵՏՄ բոլոր անդամ երկրների, մասնավորապես, Հայաստանի համար:
Իր հերթին, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանի խորհրդական Ալեքսեյ Սինեգուբովը հայտարարեց, որ երկու երկրների միջեւ հարաբերություններն ավանդաբար գտնվում են բարձր մակարդակում:
«Խոսքը ոչ միայն քաղաքական երկխոսության, այլ նաեւ տնտեսական կապերի մասին է: Առաջին անգամ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը ռեկորդ կսահմանի՝ 2019-ի արդյունքներով մեծացնելով 2 մլրդ դոլարի ցուցանիշը»,- նշեց նա:
Նա նաեւ հիշեցրեց, որ Հայաստանում գործում են ռուսական կապիտալով մոտ 2 հազար ձեռնարկություններ, որոնց մեծ մասը խոշոր հարկատուներ են: