Մենք չունենք լավ ուսանող կարգավիճակ, դա նույնն է, ինչ ասեն լավ տղա. Գրիշա Էձգերիձե
«Պարոն Աշոտյանն ասում է լավ ուսանող, բայց մենք բուհերում չունենք լավ ուսանողի կարգավիճակ, մենք ունենք գերազանց սովորող ուսանողներ և այլն: Աշոտյանը չի խոսում կոնկրետ կարգավիճակից, դա նման է նրան, երբ ասում են «լավ տղա»,-Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գրիշա Էձգերիձեն: Հավաստիացրեց՝ ինքը պայքարել և պայքարելու է ուսանողների իրավունքների համար:
Գրիշայի խոսքով՝ իրենց նվազագույն պահանջը հետևայլն է. «Ելնելով շատերի սոցիալական կարգավիճակից՝ պահանջում ենք, որ Արմեն Աշոտյանը հանդես գա այն հայտարարությամբ, որ առաջին կուրսեցինեը կարողանան իրենց վարձերը վճարեն ուսումնական տարվա ընթացքում՝ ամսեամիս, ոչ թե մինչև սեպտեմբերի 6-ը»: Նա նաև հավելում է՝ իրենք պահանջում են նաև, որ Կրթության և գիտության նախարարությունը ուսման վարձավճարների թանկացման որոշումը չկիրառի այս տարվա ընդունվածների շրջանում՝ ասելով, որ նրանք այդ մասին տեղեկացել են ուսումնական տարվա վերջում. «Մեզ կանգնեցրին փաստի առաջ»:
Գրիշան նաև հավելում է՝ երբ Աշոտյանը հայտարարում է, որ բուհերում կկիրառվեն 50 –ից 100% զեղչեր, այսինքն՝ բուհերի ֆինանսական բյուջեն թույլ է տալիս, որ այդքան գումար հատկացնեն, ապա ինչու՞ են բարձրացրել ուսման վարձերը. «Ի՞նչ իմաստ կա վարձավճարը բարձրացնել ու հետո զեղչ անել»,-ասում է նա:
Հիշեցնենք, որ ուսանողները վաղն առավոտյան կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպելու: Այդ քայլով նրանք պահանջում են ուշադրություն դարձնել իրենց խնդիրներին: Մինչ այդ, Գրիշայի խոսքով՝ նրանք երթով շարժվելու են դեպի հայաստանյան պետական այն բուհեր, որտեղ բարձրացրել են ուսման վարձերը: