Եգիպտոսը չի ընդունում Թուրքիայի և Լիբիայի կառավարության միջեւ երկու համաձայնագրերը
Եգիպտոսը ՄԱԿ Անվտանգության խորհրդին հայտարարել է, որ մերժում է Թուրքիայի եւ Լիբիայի կառավարության միջեւ կնքված երկու համաձայնագրերը Միջերկրական ծովում իրավունքների եւ համագործակցության մասին, տեղեկացնում է AP-ը։
Ծովային գործարքը Թուրքիայի համար հասանելի կդարձնի տնտեսական գոտին Միջերկրական ծովով, չնայած Հունաստանի, Կիպրոսի եւ Եգիպտոսի առարկություններին, որոնք աշխարհագրորեն գտնվում են Թուրքիայի եւ Լիբիայի միջեւ։
ՄԱԿ-ում Եգիպտոսի դեսպան Մոհամեդ Էդրիեսը հայտարարել է, որ համաձայնագիրը ստորագրելով՝ Լիբիայի վարչապետ Ֆայեզ ալ Սերաջը խախտել է 2015 թվականի համաձայնագիրը երկրի ժամանակավոր կառավարություն ստեղծելու մասին, որն արժանացել է Անվտանգության խորհրդի հավանությանը։ Նա նշել է, որ համաձայնագիրը պահանջում է, որպեսզի նախագահական խորհուրդն ընդհանրապես, այլ ոչ թե միայն խորհրդի նախագահը, որը միայնակ է գործում, կնքի միջազգային համաձայնագրեր, որոնք պետք է արժանանան խորհրդարանի ստորին պալատի հավանությանը։ Նա նշել է, որ Լիբիայի ներկայացուցիչների պալատը հավանություն չի տվել Թուրքիայի հետ փոխըմբռնման երկու հուշագրերին։
Էդրիեսի նամակում ասվում է, որ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը նախատեսում է «զենքի եւ զինամթերքի հանձնում Սերաջին եւ արեւմտյան աշխարհազորայիններին»։ Նա նշել է, որ դա «ակնհայտորեն խախտում է» Լիբիայի վերաբերյալ Անվտանգության խորհրդի բանաձեւը, հատկապես երկրին զենքի մատակարարման էմբարգոն։
Եգիպտոսի կառավարությունը «մերժում է եւ չի ընդունում որեւէ միջոց, պահվածք կամ իրավական հետեւանք, որոնք կարող են ծագել փոխըմբռնման հուշագրերից»,- նշել է Էդրիեսը։
Եգիպտոսը կոչ է արել ՄԱԿ-ին իրավաբանական ուժ չհաղորդել երկու հուշագրերին։