Ի՞նչ է հայտնի Լուբյանկայի հրաձիգի մասին
Լուբյանկայում հրաձգության հեղինակը մերձմոսկվացի 39-ամյա Եվգենի Մանյուրովն է, տեղեկացրել են ՌԵՆ ՏՎ հեռուստաալիքը եւ «112» տելեգրամ-ալիքը՝ առանց աղբյուրներ նշելու։ Այս անունով մարդու դատարկ աքաունթ կա «Վկոնտակտե»-ում, այնտեղ նշված է միայն, թե որտեղ է սովորել՝ Ռուսաստանի Արդարադատության պետական համալսարան։ ՌԵՆ ՏՎ-ի տեղեկատվությամբ՝ Մանյուրովը ապրել է Մերձմոսկվայում, կրթությամբ իրավաբան էր։
Մանյուրովը աշխատել է մասնավոր թիկնապահական ձեռնարկություններում, տեղեկացնում են ՌԵՆ ՏՎ-ն եւ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։ Մանյուրովի հայրը «112»-ին պատմել է, որ որդին, մասնավորապես, պահպանել է Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատունը։ ԿՊ-ն մեջբերում է Մանյուրովի մոր խոսքերն այն մասին, որ վերջին ժամանակներս որդին ոչ մի տեղ չէր աշխատում եւ անգլերեն «շփվում էր ինչ-որ արաբների հետ հեռախոսով» (կինն անգլերեն չգիտի)։ Baza պարբերականը, հղում կատարելով նրա մորը, գրում է, որ նա որդու ազատման մասին պատահաբար է իմացել. դեկտեմբերի 19-ին նա տուն չի եկել, եւ կինը զանգահարել է նրա գործընկերոջը։ Մոր խոսքով՝ որդին փոքր տարիքում զբաղվել է բռնցքամարտով եւ ձեռնամարտով, բանակում չի ծառայել, լավ գիտեր անգլերեն, մոտ ընկերներ, կին, երեխաներ չուներ։ Չի ծխել, չի խմել, բայց վերջին ժամանակներս «ինչ-որ գրգռված էր», ավելացրել է կինը, գրում է «Մեդուզա»-ն։
Մանյուրովի մորից հարցազրույց վերցրել է Baza-ի թղթակից Աննա Նիկիտինան։ Նա կնոջ բնակարանում հայտնվել է քննիչներից առաջ եւ այնտեղ էր, երբ տուն եկան խուզարկելու համար։ Դրանից հետո Նիկիտինան կապի դուրս չի եկել։ Նա խմբագրության հետ կապվել է հինգ ժամ հետո, պատմել, որ նրան կոպտաբար պահել են, արգելել որեւէ մեկին զանգահարել եւ դուրս գալ բնակարանից։ Նիկիտինայի խոսքով՝ առավոտյան ժամը 8-ին մոտ քննիչները գնացել են Մոսկվա՝ իրենց հետ տանելով Մանյուրովի մորը։
Մանյուրովը զբաղվել է հրաձգությամբ։ 2019 թվականի նոյեմբերին նա PCC դասում երրորդ տեղ էր ստացել Մոսկվայի ԴՕՍԱԱՖ-ի քաղաքային հրաձգային մարզական ակումբի մրցումներում։ Ինչպես գրում է ԿՊ-ն, հոկտեմբերին Մանյուրովը մասնակցել է նաեւ ԱԴԾ հատուկ նշանակության կենտրոնի «Վ» («Վիմպել») վարչության բաժնի պետ Դմիտրի Ռազումովսկու հուշամրցաշարին, որը զոհվել է Բեսլանում եւ հետմահու ստացել Ռուսաստանի հերոսի կոչում։ Մանյուրովի մայրը Baza-ին ասել է, որ որդին հրաձգությամբ զբաղվել է երեք-չորս տարի եւ «շատ է սիրել այդ գործը»։ Օլեգ Սոլովիչը՝ ԴՕՍԱԱՖ-ի նրա մարզիչը, որտեղ ուսանել է Մանյուրովը, ԿՊ-ին ասել է, որ նա իրենց մոտ մի երեք ամիս է եկել եւ վատ էր կրակում։ Սոլովիչի խոսքով՝ Մանյուրովը պարապում էր կապյուշոնով սեւ բաճկոնով՝ բացատրելով, որ այդպես իրեն ավելի հարմար է։ ԿՊ-ն հավաստիացնում է, որ հենց այդ բաճկոնն էր Մանյուրովի հագին հարձակման ժամանակ։
Մանյուրովի բնակարանի խուզարկության ժամանակ զինանոց են գտել։ Տղամարդն ուներ բոլոր թույլտվությունները, գրում է ԿՊ-ն՝ հղում կատարելով քննչական խմբի անունը չնշած անդամին։ «Ամեն ինչ գրանցված է պաշտոնապես՝ ըստ բնակության վայրի, ընդամենը յոթ փող՝ գազային, օդամուղ, հարթ փողով, փորագրությամբ։ Առայժմ գազայինը չենք գտել»,- ասել է ԿՊ-ի զրուցակիցը։ Պարբերականի տվյալներով՝ Մանյուրովի բնակարանում գտել են շատ փամփուշտներ եւ երկու լիցքավորված ավտոմատ պարկուճ։ ՌԵՆ ՏՎ-ն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ 2018 թվականին Մանյուրովը փորձել է վաճառել հարթ փողով «Բեկաս» հրացանը զենքի սիրահարների թեմատիկ ֆորումի միջոցով։ Նա հույս ուներ հրացանի դիմաց յոթուկեսից ութուկես հազար ռուբլի ստանալ։ Լուբյանկայում հարձակման ժամանակ հանցագործը օգտագործել է Կալաշնիկովի ինքնաձիգ, ասել են ՌԲԿ-ի աղբյուրները Մոսկվայի ոստիկանությունում։
Հարձակման դրդապատճառն անհայտ է։ Վարկած կա «ահաբեկչական ուղղվածության հանցագործության» մասին՝ Պուտինի մամուլի ասուլիսի եւ Անվտանգության մարմինների աշխատակցի օրվա առիթով, գրում է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով աղբյուրներին։ Նախօրեին ԱԴԾ-ին մոտ կանգնած Reuters-ի զրուցակիցն ասել է, որ հանցագործությունը կարող էր հարմարեցված լինել Պուտինի ելույթին Անվտանգության մարմինների աշխատակցի օրվա համերգում։ Ներկայում հրաձգությունը Լուբյանկայում հետաքննվում է իրավապահ մարմինների աշխատակցի կյանքի դեմ ոտնձգության հոդվածով։ Բայց «Կոմերսանտի» աղբյուրն ասել է, որ գործին կարող են ավելացվել նաեւ մահափորձի (քանի որ տուժել է քաղաքացիական անձ) եւ ահաբեկչության (բայց այն հարուցում են ծայրահեղ դեպքերում) հոդվածներ։ «Կոմերսանտը» հավաստիացնում է, որ քննությունն իբր արդեն ականատեսների ցուցմունքներ ունի, որ հարձակվողը բղավել է կարգախոսներ, որոնք հատկանշական են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմնակիցների համար։
Հիշեցնենք, քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդեց, որ Մոսկվայի կենտրոնում կրակոցներ են հնչել․ կա զոհ և վիրավորներ: