17-ամյա ամերիկուհին փորձել է ինքնաթիռ առևանգել
Կալիֆոռնիայի ոստիկանությունը հետաքննում է, թե ինչպես է անչափահաս ամերիկուհին կարողացել անցնել ցանկապատի վրայով, առեւանգել ինքնաթիռը եւ վթարի ենթարկել այն Ֆրեզնոյի միջազգային օդանավակայանում, հայտնում է Americaru-ն։
17-ամյա աղջիկը ձերբակալվել է չորեքշաբթի առավոտյան ոչ մեծ King Air 200 մասնավոր ինքնաթիռի առեւանգման համար։ Երբ նրան գտել են վթարված ինքնաթիռում, նա նստած է եղել օդաչուի խցում, միացված ականջակալներով, հայտնել է օդանավակայանի ոստիկանության պետ Դրյու Բեսինգերը։
Ինքնաթիռը չի թռել, սակայն նա կարողացել է միացնել շարժիչը, գործի գցել այն եւ հարվածել պատնեշին։ Բեսինգերի խոսքերով՝ աղջկա արարքի դրդապատճառները հայտնի չեն, սակայն հիմքեր չկան մտածելու, որ դա ահաբեկչություն է եղել։
Ինչպես հայտնում են օդանավակայանի մամուլի հաղորդագրությունում, աղջիկը ապակողմնորոշված տեսք է ունեցել եւ հրաժարվել է խոսել, երբ նրան կալանավորել են։ Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։