Սենատի մեծամասնության առաջնորդը Թրամփին իմփիչմենթ հայտարարելու որոշումն «անարդար» է համարել
Սենատի հանրապետականների առաջնորդ Միթչ Մաքքոնելը դատապարտել է ներկայացուցիչների պալատում իմփիչմենթի հարցով քվեարկությունը՝ այն անվանելով «անարդար» եւ հայտարարելով, որ դա «թունավոր» նախադեպ կստեղծի, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Մաքքոնելը Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիին մեղադրել է նրանում, որ նա վախենում է «իրենց անորակ աշխատանքի արդյունքը ուղարկել Սենատ», քանի որ Փելոսին հրաժարվել է հստակեցնել, թե երբ իմփիչմենթի հոդվածները կուղարկվեն սենատորներին՝ հետաքննության համար։ Քանի դեռ հոդվածները չեն փոխանցվել, գործընթաց սկսվել չի կարող։
Մաքքոնելի կարծիքով՝ ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ դեմոկրատները սկսում են կասկածել, թե ուզում են արդյոք ինփիչմենթի դատավարություն։
Հանրապետականների կողմից վերահսկվող Սենատում Թրամփը համարյա հաստատ կարդարացվի։
«Սենատը ստեղծվել է կայունության ապահովման համար։ Որպեսզի միջկուսակցական կրքերը չափը չանցնեն։ Հենց այդպիսի պահերի համար էլ գոյություն ունի Միացյալ Նահանգների Սենատը»,- ասել է նա։
Հինգշաբթի ավելի ուշ Մաքքոնելը կհանդիպի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերի հետ, որպեսզի բանակցի այն մասին, թե ինչպես անցկացնել դատավարությունը Սենատում։
Թրամփը Ներկայացուցիչների պալատում քվեարկության հաջորդ օրը նույնպես հանդես է եկել Փելոսիի քննադատությամբ։ «Այժմ անբանների կուսակցությունը ուզում է ոչինչ չանել իմփիչմենթի հոդվածների հետ եւ չուղարկել դրանք Սենատ»,- Twitter-ում գրել է նա։
Սակայն Սահմանադրությունը չի պարտադրում Ներկայացուցիչների պալատին շտապ կերպով փոխանցել հոդվածները։ Փելոսիի խոսքերով՝ դեմոկրատները չեն կարող իմփիչմենթի հարցով իրենց դատախազներին նշանակել, քանի դեռ պարզ չեն դարձել Սենատում դատավարության պայմանները։ «Հուսով ենք՝ դա տեղի կունենա մոտ ժամանակներս․․․ Առայժմ մենք չենք տեսել ոչինչ, ինչը մեզ արդար կթվար»,- նշել է նա։