ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանցի երկու դատավորների հանդեպ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Թեհրանի հեղափոխական դատարանի երկու դատավորների՝ Մուհամմեդ Մոգիսեի եւ Աբոլհասեմ Սալավատիի հանդեպ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նախարարությունը որոշել է դատավորներին ընդգրկել իր «սեւ ցուցակում»՝ կապված այն բանի հետ, որ նրանք Վաշինգտոնի կարծիքով՝ «երկար տարիներ» խախտում են մարդու իրավունքներն իրենց երկրում, «երկարաժամկետ ազատազրկման, մտրակի հարվածների եւ նույնիսկ մահապատժի են դատապարտում լրագրողների, իրավաբանների, ակտիվիստների՝ այն բանի համար, որ նրանք իրականացնում են խոսքի եւ հավաքների ազատության իրենց իրավունքները»։ «Շատ դեպքերում այդ դատավորները մահապատժի են դատապարտում քաղաքական կալանավորյալներին»,- վստահեցնում է ֆինանսական հաստատությունը։
Հանդես գալով Իրանում մարդու իրավունքների մասին ելույթով՝ պետքարտուղար Մայք Պոմպեոն հինգշաբթի օրը Պետքարտուղարությունում հայտարարել է, որ ամերիկյան պատժամիջոցները կառնչվեն նաեւ այդ դատավորների ընտանիքներին։
«Միացյալ Նահանգները չպետք է հետեւի Իրանում շարունակվող ճնշումներին եւ անարդարությանը։ Այժմյան վարչակազմը հետապնդում է իրանական ռեժիմի այն անդամներին, որոնք փորձում են գրաքննության ենթարկել ցուցարարներին, հետապնդել կրոնական փոքրամասնություններին եւ ստիպել լռել իրանցի ժողովրդին,- ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը,- ԱՄՆ-ը սատարում է նրանց, ովքեր մասնակցում են բողոքի խաղաղ ցույցերին»։
Նախկինում Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանել էր Մոգիսեի եւ Սալավատիի հանդեպ։ Պատժամիջոցների ցուցակում հայտնվելը նշանակում է ԱՄՆ-ում բաժնետոմսերի սառեցում, այդ անձանց հետ ամերիկյան քաղաքաղցիների եւ ընկերությունների կողմից բիզնես վարելու արգելք, ինչպես նաեւ ԱՄՆ մուտքի արգելք։
Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը վիզային պատժամիջոցներ է սահմանում նախկին ու ներկա իրանական պաշտոնյաների հանդեպ, որոնք, ըստ Վաշինգտոնի, Իրանում ցույցերը ճնշելու որոշում են կայացրել։