Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ պատրաստ է կյանքը տալ հանուն Ռուսաստանի եւ Պուտինի
Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ պատրաստ է կյանքը տալ հանուն Ռուսաստանի եւ երկրի նախագահի: Այս մասին նա հայտարարել է Վլադիմիր Պուտինի այն խոսքերից հետո, որ Չեչնիայի ղեկավարը մինչ օրս ամեն օր վտանգների է ենթարկվում, հաղորդում է ՌԻԱ-ն:
Ավելի վաղ Պուտինն ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է, որ Չեչնիայի առաջին նախագահ Ահմադ Կադիրովը ինքն է եկել իր մոտ, որպեսզի կառուցի հանրապետության հարաբերությունները Մոսկվայի հետ, եւ ահաբեկիչների ձեռքից մահացել է ոչ միայն հանուն Չեչնիայի, այլ նաեւ հանուն Ռուսաստանի, իսկ նրա որդի Ռամզան Կադիրովը մինչ օրս ամեն օր վտանգների է ենթարկվում: Նա նաեւ հայտնել է, որ չնայած իր կողմից արգելքին՝ Կադիրովը շարունակում է անձամբ մասնակցել տարբեր տեսակի մարտական գործողություններին: Մեկնաբանելով Կադիրովի պետական պարգեւատրումը՝ Պուտինը նշել է, որ ինքը «հենց այնպես Ռուսաստանի հերոսի կոչման հրամանագրեր չի ստորագրում»:
«Ձեր բարձր վստահությունն արդարացնելու համար մենք պատրաստ ենք զօրուգիշեր աշխատել, պայքարել եւ առանց երկմտելու մեր կյանքը տալ հանուն Ռուսաստանի եւ մեր նախագահ Վլադիմիր Պուտինի»,- Telegram-ի իր ալիքում գրել է Ռամզան Կադիրովը:
Նա նշել է, որ իր, իր ընտանիքի եւ հանրապետության ժողովրդի համար իր հոր մասին ջերմ խոսքերից թանկ ոչինչ չկա: «Ես այս օրը պատմական եմ համարում մեր ժողովրդի ճակատագրի համար: Խոսելով Ահմադ-Հաջիի մասին՝ դուք խոսում էիք ամբողջ ժողովրդի մասին»,- նկատել է նա: Կադիրովը վստահեցրել է, որ աշխատելու եւ պայքարելու ոչ մի խնդիր չկա, «երբ Ռուսաստանը նման նախագահ ունի»: