Արման Թաթոյանը Մոսկվայում նախագահել է Օմբուդսմանների եվրասիական դաշինքի տարեկան համաժողովը. (Լուսանկար)
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մոսկվայում նախագահել է Օմբուդսմանների եվրասիական դաշինքի տարեկան համաժողովը:
Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան, Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր տեսուչ Կազեմ Աքրամին, Ղրղզստանի Հանրապետության օմբուդսման Տոկոն Մամիտովը, Սերբիայի, Չեռնոգորիայի, Ինդոնեզիայի, Ղազախստանի, Տաջիկստանի, Բուլղարիայի, Հունգարիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Ուզբեկստանի, Կամբոջայի մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտների ներկայացուցիչներ, Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են Օմբուդսմանների եվրասիական դաշինքի երկրներում քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցեր, նախանշել են 2020 թվականի աշխատանքի ուղղությունները: Մասնավորապես, նախատեսվում են քաղաքացիների համատեղ ընդունելությունների անցկացում, մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ համատեղ միջոցառումների կազմակերպում, Դաշինքի երկրներում սովորող ուսանողների իրավունքների պաշտպանություն եւ այլն:
Հանդիպման մասնակիցները նաեւ պայմանավորվել են ստեղծել Դաշինքի անդամների լավագույն փորձի էլեկտրոնային շտեմարան:
Մարդու իրավունքների պաշտպանի նախագահությամբ անցկացված նիստի ընթացքում Սերբիայի Հանրապետության քաղաքացիների պաշտպանը, ինչպես նաեւ Տաջիկստանի Հանրապետությունում մարդու իրավունքների հանձնակատարի միացել են Օմբուդսմանների եվրասիական դաշինքին:
Հիշեցնենք, որ Օմբուդսմանների եվրասիական դաշինքը ստեղծվել է 2017 թվականի դեկտեմբերի 5-ին: Դաշինքը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող առաջին միությունն է, որը միավորում է Եվրոպայում եւ Ասիայում գործող մարդու իրավունքների ազգային հաստատություններին: