Թրամփը իմփիչմենթին աջակցած կոնգրեսվումենին հիշեցրել է նրա ամուսնու հուղարկավորությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իմփիչմենթին աջակցած կոնգրեսվումեն Դեբբի Դինգելին հիշեցրել է, թե ինչպես է կազմակերպվել նրա ամուսնու՝ նախկին կոնգրեսական Ջոն Դինգելի վերջերս տեղի ունեցած հուղարկավորությունը, ինչպես նաեւ մեկ ուրիշ կոնգրեսվումենից պահանջել է իրեն վերադարձնել նրան տված փողը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դեբբի Դինգելն ընդհանրապես գեղեցկուհի է: Մոտ 8 ամիս առաջ ինձ է զանգահարում, նրա ամուսինը երկար է ապրել: Ես նրան վերաբերվեցի ոչ ըստ երկրորդ կարգի, ոչ ըստ երրորդ կամ չորրոդ կարգի, չնայած կարող էի: Ես ամեն ինչ արեցի ըստ առաջին կարգի՝ պլյուսով: Իջեցրին դրոշները, չնայած ինչո՞ւ պիտի իջեցնեին հանուն նախկին կոնգրեսականի: Բայց արեցին դա: Զանգահարում է. «Դա այնքան հոյակապ է, անչափ շնորհակալ եմ: Նա վերեւից նայում է»,- հինգշաբթի ասել է Թրամփը Միչիգան նահանգում տեղի ունեցած հանրահավաքում:
«Ես ասացի. «Ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացի»: Բայց հնարավոր է, որ նա նաեւ ներքեւից է նայում: Ես չգիտեմ»,- շարունակել է նա;
Այս բառերը դահլիճում անհամաձայնության աղմուկ են առաջացրել, քանի որ Դինգելը ծագումով Միչիգանից է:
«Դե, եկեք համարենք, որ նա նայում է վերեւից ներքեւ»,- դրանից հետո իրեն շտկել է Թրամփը
Կոնգրեսվումենն անմիջապես արձագանքել է դրան Twitter-ում։
«Պարոն նախագահ, եկեք քաղաքականությունը թողնենք մի կողմ։ Իմ ամուսինը վաստակել էր բոլոր պատիվները ծառայությունում կյանքից հետո։ Ես պատրաստվում եմ տոների առաջին սեզոնին՝ առանց սիրելի մարդու։ Դուք ինձ այնպես եք վիրավորել, որ պատկերացնել անգամ չեք կարող»,- գրել է նա։
Թրամփը նաեւ հիշեցրել է, որ նախքան նախագահի ընտրություններին մասնակցելը՝ նվիրատվություններ է արել քաղաքական գործիչներին, այդ թվում՝ դեմոկրատներին։ Նրանց թվում էր կոնգրեսվումեն Քերոլին Մելոունին։
«Եվ առաջինը, ում տեսնում եմ, Քերոլին Մելոունին է. «Ես ձեռք եմ բարձրացնում իմփիչմենթի օգտին»։ Դե, ուրեմն, վերադարձրու ինձ այդ գրողի տարած փողերը, որոնք ես վճարել եմ քեզ։ Թող նա բոլորն ինձ վերադարձնի»,- ասել է Թրամփը։