Ջորջիա նահանգի ոստիկանությունը որոնում է 200 մարդու՝ աքլորամարտերին մասնակցության համար
Ջորջիա նահանգի ոստիկանությունը որոնում է 200 մարդու, որոնք անցյալ հանգստյան օրերին մասնակցել են աքլորամարտերի մրցաշարին, հայտնում է AP-ը։
Ավելի քան 30 մարդ կալանավորվել է մարտի անցկացման վայրում։ Լինքոլն շրջանի շերիֆ Ջիմ Ուոլենի խոսքերով՝ նրանք մեղադրվում են ծանր հանգամանքներում կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի եւ անօրինական կոմերցիոն մոլի խաղերին մասնակցության համար։
Աքլորամարտերն անցկացվել են ֆերմաներից մեկում։ Երբ ոստիկանները դեպքի վայր են հասել, մասնակիցներն ու հանդիսատեսները արագ փախել են, շատերն այնտեղ են թողել իրենց աքաղաղներին եւ ավտոմեքենաները։ Ուոլենն այդ միջադեպը անվանել է «քաոսային»՝ նշելով, որ վեց սպաներ չէին կարող այդքան մարդու ձերբակալել։
Յուրաքանչյուր մասնակից վճարել է 600 դոլար, որպեսզի մրցաշարին ներկայացնի հինգ աքլորի, իսկ հաղթողը պետք է 27 600 դոլար ստանար։