Ներկայացուցիչների պալատում քվեարկել են Թրամփի իմփիչմենթի օգտին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի օգտին երկու հոդվածով՝ «լիազորությունների գերազանցում» և «Կոնգրեսին խոչընդոտում», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Արդյունքները բաժանվել են ըստ կուսակցական պատկանելության՝ ի դեմս դեմոկրատների խորհրդարանական մեծամասնությունը կողմ է քվեարկել իմփիչմենթին, հանրապետականները՝ դեմ: Իմփիչմենթի առաջին հոդվածով՝ լիազորությունների գերազանցում, կողմ է քվեարկել 230 մարդ, այդ թվում՝ մեկ անկախ պատգամավոր, դեմ՝ 197, այդ թվում՝ 2 դեմոկրատ: Մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել՝ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուի հավակնորդ Թուլսի Գաբարդը:
Երկրորդ հոդվածով՝ Կոնգրեսին խոչընդոտում, կողմ էր 229 պատգամավոր, այդ թվում՝ մեկ անկախ կոնգրեսական, դեմ՝ 198, այդ թվում՝ 3 դեմոկրատ, մեկ խորհրդարանական կրկին ձեռնպահ է մնացել:
Հիմա գործի քննությամբ զբաղվելու է Սենատը, որը պետք է Թրամփի դեմ դատավարության վարի: Ընդ որում՝ վերին պալատում հանրապետական մեծամասնությունը չի պատրաստվում Թրամփին իմփիչմենթ հայտարարել:
Ինքը՝ ԱՄՆ նախագահը իմփիչմենթի ընթացակարգը, որը Կոնգրեսում նախաձեռնել էին դեմոկրատները, անվանել է նրանց քաղաքական ինքնասպանություն:
«Դուք տեսե՞լ եք իմ վարկանիշը... Նրանք առաջին օրից սկսած փորձում էին ինձ իմփիչմենթ հայտարարել: Նրանք փորձում էին դա անել դեռեւս մինչ այն, երբ ես սկսեցի պայքարը»,- հինգշաբթի ասել է Թրամփը Միչիգան նահանգում տեղի ունեցած հանրահավաքում՝ նկատի ունենալով, որ իր հանրաճանաչության վարկանիշը, ըստ վերջին հարցման, հոկտեմբերի 38 տոկոսից հասել է մինչեւ 43 տոկոսի:
Սպիտակ տունն, իր հերթին, հայտարարել է, որ Թրամփը պատրաստ է իմփիչմենթի շրջանակում հաջորդ քայլին եւ վստահ է, որ Սենատում ամբողջությամբ կարդարացվի: