Վաշինգտոնը ստիպված կլինի հրաժարվել Իրանի դեմ պատժամիջոցներից․ Ռոհանի
Վաշինգտոնը ստիպված կլինի հրաժարվել Իրանի դեմ պատժամիջոցներից։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հայտնում է Mehr-ը։
«Պատժամիջոցների սահմանումը պարտվողական մոտեցում է, որից ինչ-որ մի պահի պետք է հրաժարվել։ Ես կարծում եմ, որ պատժամիջոցները չեն կարող շարունակվել, քանի որ դրանք անօրինական են»,- Մալայզիայում իրանական համայնքի հետ հանդիպմանն ասել է Ռոհանին։ «Ամերիկացիներն այլ ընտրություն չունեն, բացի վերադառնալն այն ուղուց, որով նրանք գնում են, եւ մենք կստիպենք նրանց անել այդ»,- հավելել է նա։
«Պատժամիջոցները որոշ խնդիրներ են ստեղծում, սակայն դրանք կարելի է վերածել հնարավորությունների, եթե մենք դիմադրենք։ Այսօր բոլորը գիտեն, որ իրանական միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը ոչ մեկին, նույնիսկ Ամերիկային ու նրա բարեկամներին չօգնեց»,- ասել է նա։
«ԱՄՆ-ը եւ իսրայելական ռեժիմը ձգտում էին մեկուսացնել Իրանին եւ ստիպել իրանական ժողովրդին կորցնել համբերությունը ու իշխանության դեմ դուրս գալ, սակայն, չնայած անարդար պատծամիջոցների պատճառով առաջացած ծանր տնտեսական պայմաններին, երկիրը դիմակայեց եւ թշնամու առավելագույն ճնշումը հնարավորությունների վերածեց»,- ասել է Ռոհանին։