Իսրայելի պետությանը հավատարմությունը չի նշանակում երկրի քաղաքական բոլոր գործողությունների հետ համաձայնություն․ Մերկել
Իսրայելի պետությանը հավատարմությունը չի նշանակում Իսրայելի քաղաքական բոլոր գործողությունների հետ 100 տոկոսանոց համաձայնություն։ Այս մասին հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը՝ պաշտպանելով ՄԱԿ ում Իսրայելի հարցով Գերմանիայի քվեարկությունը, հայտնում է Reuters-ը։
Նա նշել է, որ Եվրոպական միության երկրները խորհրդակցություններ են անցկացնում այն մասին, թե ինչպես քվեարկել ՄԱԿ-ում։ Գերմանիան աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի հասնի նրան, որ «բոլոր հակաիսրայելական միտումները, որոնց վրա մենք կարող ենք ազդել», հանվեն բանաձեւերից, հավելել է նա՝ նշելով․ «Այդ պատճառով ես կարծում եմ, որ մենք լավ աշխատանք ենք կատարում»։
Գերմանիան եւ եվրոպական մյուս երկրները չեն սատարել ԱՄՆ-ին՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցում եւ շարունակում են քննադատել իսրայելական վերաբնակեցման գործողությունները Արեւմտյան ափին։