Բաքվի հետ ռազմական համագործակցությունից հրաժարվելը բացասաբար կանդրադառնա ԼՂ խնդրի կարգավորման վրա. ռուս սենատոր
Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունից Ռուսաստանի հրաժարվելը շատ բացասաբար կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Այս մասին դեկտեմբերի 18-ին ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի եւ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում ասաց ռուսական պատվիրակության ղեկավար, Կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչեւը:
Նրա խոսքով՝ ցանկացած հակամարտության մեջ իրավիճակն ապակայունացնում է անհավասարակշռությունը, երբ մի կողմի մոտ առաջանում է կա՛մ իրական հնարավորություն, կա՛մ պատրանք, որ կարող է ռազմական հակամարտության մեջ հաղթել: «Մեր խորին համոզմամբ՝ այս տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը այդ հակամարտությունը ոչ ռազմական, ոչ մարտական վիճակում պահպանելու էական պայմաններից մեկն է»,- շեշտեց Կոսաչեւը:
Ընդ որում՝ նա հիշեցրեց, որ Ռուսաստանը ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցում է միանգամայն տարբեր մակարդակներում: «Երեւանը Ռուսաստանի գործընկերն է եւ ՀԱՊԿ դաշնակիցը, եւ սա պաշտպանական միություն է: Ադրբեջանի հետ Ռուսաստանն այդպիսի հարաբերություններ չունի, այս պատճառով մատակարարումների տարբեր պայմաններ կան: Բայց մեկ անգամ էլ կրկնեմ, որ Ռուսաստանի Դաշնության կողմից այդպիսի համագործակցությունից հրաժարվելը, իմ կարծիքով, կհանգեցներ հակամարտության կարգավորման հեռանկարների առումով երկու բավականին վտանգավոր եւ անցանկալի հետեւանքների: Այդպիսի հնարավոր հեռանկարն է Ադրբեջանի համար այդ սպառազինությունների ուրիշ մատակարարների հայտնվելը»,- պարզաբանեց ռուսական պատվիրակության ղեկավարը՝ հավելելով, որ այս դեպքում սպառազինության այդ տեսակները կսկսեն իրար հետ մրցակցել, ինչը կհանգեցնի տարածաշրջանի պայթյունավտանգության մեծացմանը:
Սենատորի խոսքով՝ Ռուսաստանում հրաշալի գիտեն, թե իրենց ինչպես են պահում զինվորականները, որոնք տարբեր դաշինքներ են ներկայացնում եւ սպառազինության տարբեր համակարգեր ունեն: «Նրանք մշտապես ցանկանում են ցույց տալ, թե ով է իրենցից ավելի ուժեղ, իսկ դա մեծացնում է պայթյունավտանգությունը: Երկրորդ տարրը այստեղ գոյություն ունեցող եւ ուղիղ ռազմական գործողությունների չվերականգնման շատ լուրջ երաշխիք համարվող ուժերի հավասարակշռության խախտումն է: Ուղիղ, լայնածավալ ռազմական գործողությունները հակամարտությունը կնետեն նախնական փուլ եւ կզրոյացնեն բոլոր նրանց ջանքերը, ովքեր փորձում են այն լուծել, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանի: Մենք դա չէինք ցանկանա»,- եզրափակեց Կոնստանտին Կոսաչեւը: