Ի՞նչ պրեմիերաներ են սպասվում Օպերայի եւ բալետի թատրոնի բեմում
Նոր թատերական սեզոն կսկսվի Ալեքսեյ Շորի «Բյուրեղապակյա պալատ» բալետով, ապա գալա համերգ տեղի կունենա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:
Նա հավելեց, որ 2020 թվականին ծրագրվում է Վաչե Շարաֆյանի «Հին աստվածներ» բալետի ցուցադրությունը: «Այդ հարցում իշխանությունը մեզ աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Կփորձենք վերականգնել նաեւ Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետը: 2020-ի դեկտեմբերին կցուցադրվի նաեւ Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետը»,- հավելեց տնօրենը:
Օրբելյանը նկատեց, որ ծրագրվում է նաեւ ներկայացնել Ջուզեպե Վերդիի «Աթթիլա» օպերան, եւ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
«Ծրագրերը շատ են, կարեւորն այն է, որպեսզի չխանգարեն նորմալ աշխատել»,- եզրափակեց նա: