Հայաստանը Թուրքմենստանից գազի գնման շուրջ բանակցություններ է վարում. պատգամավոր
Պաշտոնական Երեւանը բանակցություններ է վարում Թուրքմենստանից գազի գնման շուրջ: Այս մասին դեկտեմբերի 18-ին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով՝ վերջերս կայացել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի այցը Իրան, որտեղ նա հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարարի հետ: Գազի գնման հարցը քննարկման փուլում է գտնվում: «Այս պահին այդ սխեման չի գործում, սակայն պարտադիր կգործի: Դրա նպատակներից մեկը ընդհանուր էներգետիկ միջանցքի ստեղծումն է Թուրքմենստանից Իրանի, Հայաստանի եւ Վրաստանի միջով դեպի Ռուսաստան»,- պարզաբանեց Մելքումյանը:
Ընդ որում, նա նշեց, որ տվյալ պահին սխեմայի գործարկման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «Իրանը եւս շահագրգիռ է այդ ծրագրի իրականացման գործում»,- վստահեցրեց պատգամավորը:
Նա նաեւ նկատեց, որ Հայաստանը Իրանից գազատարի միջով այժմ 3 անգամ ավելի քիչ գազ է ստանում, քան թույլ է տալիս թողունակությունը: Պատգամավորը հույս հայտնեց, որ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցումը թույլ կտա ամբողջությամբ բեռնել գազամուղը: