Հունաստանը մտադիր է 2020 թվականին Թուրքիա վտարել մոտ 100 հազար միգրանտի
Հունաստանի իշխանությունները 2019 թվականին սպասում են մոտ 100 հազար նոր փախստականների, որոնք Թուրքիայից են ժամանելու: Հունաստանը վերջին 6 ամիսներին ընդունել է 45 հազար նոր միգրանտների, հայտարարել է տեղական կառավարության փախստականների առաջնային ընդունման լիազոր Մանոս Լոգոտետիսը, հայտնում է DW-ն:
Պաշտոնյան նաեւ հայտնել է, որ Աթենքը նախատեսում է 2020 թվականին Թուրքիա վտարել մոտ 10 հազար ապաստան հայցողների: Լոգոտետիսը հայտարարել է ճգնաժամի մասին, որը Հունաստանի համար «զգալիորեն ավելի լուրջ» է եղել, քան 2015 թվականի ճգնաժամը: Այդ ժամանակ գրեթե բոլոր փախստականները մեկնել են ԵՄ այլ երկրներ, իսկ այս անգամ նրանք մնացել են հունական կղզիներում:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը վերջերս Bild am Sonntag-ի հետ հարցազրույցում Գերմանիային կոչ էր արել ավելի շատ փախստականների ընդունել՝ հաշվի առնելով Լեսբոս կղզում սրված իրավիճակը: Ընդ որում՝ չնայած լարված իրավիճակին, այս տարի Գերմանիան զգալիորեն ավելի քիչ պաշտոնյաների է ուղարկել օգնելու հունական իշխանություններին: Բեռլինի կառավարությունը փախստականների գրանցմանն օգնելու համար հունական կղզիներ է ուղարկել ընդհանուր 80 փորձագետի: Միգրացիոն գործընթացների աջակցության եվրոպական բյուրոյի (EASO) տվյալներով՝ 2018 թվականին Գերմանիայից ուղարկվել է 124 պետծառայող, իսկ 2017-ին՝ 130:
Նոյեմբերի վերջին հայտնի էր դարձել, որ Հունաստանի իշխանությունները նախատեսում են փակել Լեսբոս, Սամոս եւ Խիոս կղզիներում փախստականների 3 խոշորագույն ճամբարները: Դրանց փոխարեն պետք է ստեղծվեն «մեկնելու եւ նույնականացման կենտրոններ»: Ենթադրվում է, որ այդ կենտրոններում պետք է տեղավորեն ապաստան ստանալու հեռանկար չունեցող միգրանտներին, որոնց անհրաժեշտ է վերադարձնել հայրենիք: Խոսքը ճամբարների մասին է, որոնցից հեռանալը կարգելվի փախստականներին, նշում է dpa գործակալությունը: Ընդ որում՝ միգրանտներին, որոնք ապաստան ստանալու հավանականություն ունեն, կուղարկեն Հունաստանի մայրցամաքային մաս: