Դատարանի որոշմամբ՝ ԱՄՆ կառավարությունն իրավունք ունի Սնոուդենի գրքի վաճառքից հասույթ ստանալ
ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ալեքսանդիրայի շրջանային դատավոր Լայամ Օ՛Գրեյդին որոշում է կայացրել, որ ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը խախտել է ԱՄՆ կառավարության հետ համաձայնագիրը տեղեկությունների գաղտնիության մասին, եւ հիմա կառավարությունը կարող է հայտարարել Սնոուդենի՝ «Մշտական ձայնագրություն» գրքից հասույթ ստանալու իրավունքի մասին, հայտնում է Washington Post-ը:
Դատարանը որոշել է, որ Սնոուդենը պատասխանատվություն է կրում կառավարության հետ համաձայնագրի խախտման համար, քանի որ մինչեւ իր գրքի տպագրությունը համաձայնագիրը շրջանցելով այն չի ներկայացրել ուսումնասիրելու համար, որը ստորագրվել էր ինչպես Ազգային անվտանգության գործակալության, այնպես էլ Կենտոնական հետախուզական վարչության հետ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունն այս տարվա սեպտեմբերին Էդվարդ Սնոուդենի դեմ հայց էր ներկայացրել նրա նոր գրքի հետ կապված։
Հայցում Սնոուդենին մեղադրում են չհրապարակման համաձայնագրերը խախտելու մեջ, որոնք նա ստորագրել է ԿՀՎ-ի եւ ԱԱԳ-ի հետ։ Հայցում ասվում է, որ Սնոուդենը հրապարակել է իր «Մշտական ձայնագրություն» գիրքը, որը վաճառքի է հանվել երեքշաբթի, այն չներկայացնելով հատուկ ծառայություններին՝ նախնական դիտարկման համար։
Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ չի փորձի արգելել հրապարակումը, բայց կձգտի արգելափակել գրքից Սնոուդենի, որին լրտեսության մեղադրանք է ներկայացվել, ստանալիք եկամուտները։