ԱՄՆ Սենատը հավանության է արժանացրել երկրի պաշտպանական բյուջեն
ԱՄՆ Սենատը ընդունել է Պենտագոնի 2020թ․ բյուջեի նախագիծը, հայտնում է Reuters-ը։ Օրենսդրական նախագծի տեքստում կոնգրեսականները փոփոխություններ են կատարել «Հյուսիսային հոսք-2» գազատարի դեմ պատժամիջոցների հետ կապված։ ԱՄՆ պաշտպանական բյուջեի չափը կազմում է 738 միլիարդ դոլար։
Նախագիծը նախատեսում է սահմանափակումներ արտասահմանյան ընկերությունների հանդեպ, որոնք նավեր են տրամադրում «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման համար։ Սահմանափակումներ են նախատեսված նաեւ «Թուրքական հոսք»-ի համար»։ «Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը ապահովելու նպատակով բյուջեն նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի հետ կապված «Հյուսիսային հոսք-2» եւ «Թուրքական հոսք» խողովակաշարերի հանդեպ»,- ասվում է փաստաթղթում, հայտնում է РБК-ը։
ԱՄՆ-ում համարում են, որ «Հյուսիսային հոսք-2»-ը Եվրոպային ավելի կախման մեջ կգցի ռուսական էներգապաշարների մատակարարումներից։ Օրենսդրական նախագծին դեկտեմբերի 11-ին հավանություն է տվել Ներկայացուցիչների պալատը։ Այժմ փաստաթուղթը կուղարկվի Դոնալդ Թրամփին՝ ստորագրման։