«16 տարեկանում պատրաստ էի երեխա ունենալ, բայց մայրս արգելեց ինձ». Միլա Յովովիչը նշում է 44-ամյակը
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ծնվել է Հոլիվուդի ամենահայտնի ուկրաինուհին, զոմբիների «ահ ու սարսափ» Միլա Յովովիչը։ Մոդել-դերասանուհին նշում է ծննդյան 44-ամյակը։ Յովովիչի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Չարի կացարանը», «5-րդ տարրը», «Ժաննա Դ’Արկ», «Ուլտրամանուշակագույն», «Երեք հրացանակիրները» եւ այլն։
Դերասանուհին ամուսնացած է ռեժիսոր Փոլ Անդերսոնի հետ։ Նրանք ունեն երկու դուստր, իսկ 2019 թ-ի օգոստոսին Միլան հայտնել է, որ երրորդ անգամ է պատրաստվում մայրանալ։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կինոաստղի հայտնի մտքերից մի քանիսը։
«Մարդիկ ասում են, որ ես միշտ ուշանում եմ, բայց դա միֆ է»։
«Կինոաստղերը չեն ունենում ընկերներ, նրանք պարզապես ունենում են ծանոթներ»։
«Կարծում եմ՝ Աստված ստեղծել է կինոաստղերին, որպեսզի նրանք օգնեն այն մարդկանց, որոնք դրա կարիքը ունեն»։
«Ես ուժեղ ուկրաինուհի եմ. դա է ինձ օգնում այդքան շատ աշխատել»։
«Տարիների ընթացքում շատ գեղեցիկ դեմքեր են հայտնվել ու անհետացել, բայց ես կարողացել եմ մնալ իմ տեղում»։
«Մոդելինգն ինձ սպանել է»։
«Ինձ հետ ապրելը հեշտ չէ, դրա համար պետք է ունենալ անսահմանափակ համբերություն եւ անմնացոր սեր։ Իմ ճանաչած բոլոր տղամարդկանց միշտ դուր է եկել իմ անկախ ոգին, եւ նրանք հպարտացել են իմ հաջողություններով, մինչեւ այն պահը, երբ ինձ սկսել են խանդել իմ կարիերայի հանդեպ»։
«16 տարեկանում արդեն պատրաստ էի երեխա ունենալ, քանի որ կարծում էի, թե արդեն բավականաչափ հասուն եմ, բայց մայրս արգելեց ինձ»։
«Մոդելինգն ինձ համար պարզապես զվարճանք էր, իսկ այսօր ես իմ կարիերային լուրջ եմ վերաբերվում»։
«Միգուցե, անմիտ հնչի, բայց կարծում եմ՝ յուրաքանչյուրս կարիք ունենք մի վայրի, որտեղ կարող ենք կտրվել ամբողջ աշխարհից»։
Լուսանկարները՝Luigi Murenu & Iango Henzi, Getty Image, Mika Mizutani