Վախճանվել է հայ և ֆրանսիական գեղանկարչության նահապետ ԺԱՆՍԵՄԸ...
Մեր և աշխարհի կերպարվեստը ծանր կորուստ կրեցին, որովհետև Ժանսեմը մի ամբողջ ժամանակաշրջան էր համաշխարհային կերպարվեստում, իր ոճն ու անհատականությունը ունեցող մեծագույն նկարիչ...
Ժանսեմը՝ Հովհաննես Սեմերջյան, ծնվել է 1920 թվականի մարտի 9-ին Թուրքիայի Սելեզ քաղաքում (Արևմտյան Հայաստան), մանկությունը անց է կացրել Հունաստանի Սալոնիկում, այնուհետև տեղափոխվել և հաստատվել է Ֆրանսիայում։ Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցի շրջանավարտ Ժանսեմը 1944 թվականից սկսել է ցուցադրվել Անկախների սալոնում, իսկ 1950-ականներին արդեն արժանացել մի շարք մրցանակների' Ֆրանսիայում, եվրոպական մի քանի այլ երկրներում, Մեքսիկայում։ Ժանսեմը այն բացառիկ նկարիչներից է, ում կենդանության օրոք բացվել է իր անվան երկու թանգարան' երկուսն էլ Ճապոնիայում։ Այսօր նրա ստեղծագործությունները պահվում են աշխարհի մի շարք հեղինակավոր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում
Ստեղծագործության առաջին շրջանում հանդես է եկել զուտ ազգային թեմաներ շոշափող գործերով' «Հայուհին», «Հայկական հարսանիք», «Թաղում» և այլն։ Այդ գործերի մի մասը այժմ ցուցադրվում է Փարիզի հայկական արվեստի թանգարանում։
Ժանսեմի ստեղծագործության թեման սկիզբ է առնում իր մանկության հիշատակներից' մայր ժողովրդի մեծ արհավիրքից։
Ֆրանսիական տեսաբանությունը Ժանսեմին բնութագրել է իբրև միզերաբլիստ' թշվառների նկարիչ։
1956-ին Ժանսեմը ընտրվում է երիտասարդ նկարիչների սալոնի նախագահ, իսկ 1958-ին Մեքսիկայում շահում է Կոմպարեզոն։ Ժանսեմը ունեցել է տասնյակ անհատական ցուցահանդեսներ' Փարիզում, Նյու Յորքում, Չիկագոյում, Լոնդոնում, Տոկիոյում, Հռոմում, Բրյուսելում, Լոզանում, Բեյրութում և այլուր։ Ֆրանսիական արվեստի ցուցահանդեսի հետ նրա գործերը ներկայացվել են նաև Մոսկվայում։ Ժանսեմի կտավներից շատերը հանգրվան են գտել Եվրոպայի ու ԱՄՆ-ի մի շարք թանգարաններում ու անհատական հավաքածուներում։
Ժանսեմն առաջին անգամ Հայաստան է այցելել 1973-ին։
2001-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռ. Քոչարյանի հրավերով Ժանսեմը կրկին այցելեց Հայաստան և 2000-2001թթ. ընթացքում իր վրձնած «Եղեռն» շարքը' բաղկացած 34 կտավներից, նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանին։
Իսկ այսօր արդեն մեծագույն նկարիչը շրջանակված անուն ու հավերժի ճամփորդ դարձավ... Կարելի է ասել, որ Ժանսեմը փակեց հայ դասական գեղանկարչության վերջին դուռը...
Լևոն Մութաֆյան. Ֆեյսբուք