Եթե այս հարցի լուծումը չեղավ, ճանապարհ է փակվելու. լարված իրավիճակ Վաղարշապատի դպրոցում
Եթե այս հարցի լուծումը չեղավ, վաղը ճանապարհ է փակվելու, ճանապարհ փակելով ենք հասել հեղափոխության։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17–ին, NEWS.am–ի հետ զրույցում ասացին Արմավիրի մարզի Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան համար 8 հիմնական դպրոցում դասադուլ անող աշակերտների ծնողները, որոնք այսօր առավոտից գործադուլ և դասադուլ էին անում՝ ի նշան բողոքի։
Նրանց խոսքով՝ դպրոցում տնօրենի ընտրություն են անցկացրել։ 8 Քվեարկողներից մասնակցել են 7–ը, փակ քվեարկության արդյունքում 4 ձայն հավաքել է նախկին տնօրեն Եսթեր Գալստյանը, 3 ձայն՝ նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը։
«Թող համապատասխան մարմինները հարցի լուծումը տան, թե չէ ամբողջ փողոցը փակելու ենք։ Մարզպետին ենք պահանջում, թող գա, պատասխան տա»,– ասացին ծնողները։
Ուսուցիչների եւ աշակերտների ծնողների հետ հանդիպելու եկավ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար, Սոնյա Բուդաղյանը։ Աշակերտները կարծելով, որ նորանշանակ տնօրենն է, նրան դպրոցի մուտքի մոտ դիմավորեցին «Ոսկանյան, հեռացիր» վանկարկումներով։
Բուդաղյանը ներկայացրեց, թե ինչ հիմքով է 1 ձայն պակաս ստացած թեկնածուն նշանակվել տնօրեն եւ հորդորեց չխաթարել դասապրոցեսը. «Հարգելի մանկավարժներ, տարեվերջ է, կիսամյակային գնահատականներ կան, դուք պետք է կիսամյակ փակեք։ Դուք խաթարում եք ուսումնական գործընթացը, որը ոչ մեզ, ոչ ձեզ պատիվ չի բերում։ Դուք խնդիրներ ունեք պարզաբանելու, դասից հետո համեցեք, մենք պատրաստ ենք ձեզ հետ հանդիպելու եւ ձեր բոլոր հարցերին պատասխանելու։ Աշխատանքային պայմանագիրը կնքում է միայն լիազոր մարմինը՝ ի դեմս մարզպետի։ Արձանագրությունը ուղարկել ենք փոխվարչապետին, ինքն առաջարկությամբ է հանդես եկել, մարզպետն էլ կնքել է աշխատանքային պայմանագիրը»։
Ծնողների խոսքով՝ նորանշանակ տնօրենն այսօր պետք է աշխատանքի գար, բայց դպրոցի տարածքում մեքենաներից մեկի մեջ նստած հետեւում է զարգացումներին։
«Նստած ավտոմեքենայի մեջ «ծիկլի–վիկլի» է անում, ինքը պետք է հրաժարական տա եւ հեռանա։ Եթե լավ տնօրեն է, թող մարզպետը նորից նշանակի Բաղրամյանի դպրոցում, այնում աշխատի։
Ուսուցիչների եւ ծնողների խոսքով՝ նորանշանակ տնօրեին 2 անգամ այլ դպրոցներում են նշանակել, որպես տնօրեն, սակայն երկար չի տեւել պաշտոնավարումը, եւ իրենք նույնպես չեն ընդունելու նրան։