Կանայք իդեալական չեն, սակայն տղամարդկանցից ավելի լավն են․ Բարաք Օբամա
Եթե աշխարհում բոլոր երկրները կանայք ղեկավարեին, կյանքի մակարդակն ընդհանուր առմամբ կբարձրանար, վստահեցնում է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման։ Ելույթ ունենալով Սինգապուրում՝ նա հայտարարել է, որ թեեւ կանայք իդեալական չեն, «անկասկած ավելի լավն են», քան տղամարդիկ։ Օբաման նշել է, որ աշխարհում խնդիրների մեծ մասն առաջացնում են տարեց մարդիկ, հիմնականում՝ տղամարդիկ, որոնք կառչում են իշխանությունից, հայտնում է BBC-ն
Ղեկավարման խնդիրներին նվիրված փակ միջոցառման ժամանակ Օբաման խոստովանել է, որ, գտնվելով իշխանության ղեկին, շատ է մտածել այն մասին, թե ինչպիսին կլիներ երկիրը, եթե այն կանայք ղեկավարեին։ «Կանա՛յք, ուզում եմ ասել, որ դուք իդեալական չեք, սակայն դրա հետ մեկտեղ ես կարող եմ անվիճելիորեն հաստատել, որ դուք մեզնից ավելի լավն եք։ Ես բացարձակապես վստահ եմ, որ եթե մի երկու տարի երկրագնդի վրա յուրաքանչյուր երկիր կանայք ղեկավարեին, դուք կտեսնեիք զգալի փոփոխություններ դեպի լավը ամեն ինչում՝ կյանքի մակարդակից մինչեւ այլ ցուցանիշներ»,- ասել է Օբաման։
Այն հարցին, թե կուզենա արդյոք ինքը երբեւէ վերադառնալ մեծ քաղաքականություն, Օբաման պատասխանել է, որ առաջնորդները պարտավոր են հեռանալ, երբ գալիս է այդ ժամանակը։ «Եթե դուք նայեք մեր աշխարհին եւ նրա խնդիրներին, դրանք, որպես կանոն, տարեց մարդիկ են, սովորաբար, տարեց տղամարդիկ, որոնք չեն ուզում հեռանալ։ Քաղաքական առաջնորդներին կարեւոր է փորձել հիշեցնել ինքն իրենց, որ իրենք անում են իրենց աշխատանքը, սակայն դա ամբողջ կյանքի համար չէ։ Որ իրենք իրենց պաշտոնում են գտնվում ոչ նրա համար, որ պահպանեն սեփական կարեւորության եւ իշխանության զգացողությունը»,- ասել է նախկին նախագահը։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այդ պաշտոնը զբաղեցրել է 2009-2017թթ․։ Հեռանալով Սպիտակ տնից՝ նա կնոջ հետ միասին հիմնել է հիմնադրամ, որն օգնում է սկսնակ քաղաքական առաջնորդներին ամբողջ աշխարհում։