Wizz Air-ը ապրիլից կսկսի չվերթներ իրականացնել Վիեննա և Վիլնյուս. Գները սկսվում են 25 եվրոյից
Wizz Air ավիաընկերությունը 2020 թվականի ապրիլից չվերթներ կիրականացնի Վիեննա եւ Վիլնյուս: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Wizz Air ընկերության Կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն:
«Երկու քաղաքներ էլ չվերթները կլինեն շաբաթական երկու անգամ: Գները սկսվելու են 24,99 եվրոյից եւ արդեն հնարավոր է առցանց ամրագրումներ անել»,-ասաց նա՝ հավելելով, որ այս գինը միայն մեկ ուղղության համար է, այն ներառում է միայն ձեռքի ուղեբեռը: Նա նաեւ ընդգծեց, որ իրենք հետադարձով տոմսեր չեն վաճառում եւ եթե մարդը որոշել է մեկնել Վիեննա եւ վերադառնալ, իրենք դա համարում են երկու տարբեր ճամփորդություն: «Դուք կարող եք ամրագրումն անել նույն պահին, բայց տեխնիկապես մեզ համար դա երկու տարբեր ճամփորդություն է»:
Ռադոյի խոսքով, իրենց ավիաընկերությունը գործում է ցածր ծախսերի դաշտում. «Ծախսերը շատ ցածր են, դա բիզնեսի համար շատ արդյունավետ եղանակ է, ինչը թույլ է տալիս ցածր գներ սահմանել:
Մենք ունենք թարմ օդանավեր, ինչը կարեւոր է, քանի որ հիմնական ծախսը կապված է օդանավերի հետ: Մենք միայն «Էյրբաս»-երով ենք թռիչքներ իրականացնում՝ Ա-320 եւ Ա-321 օդանավերով: Սրանք ոլորտում ամենաժամանակակից օդանավերն են:
Մենք իրականացնում ենք թռիչքներ կետից կետ, այսինքն համակցող չվերթներ չենք առաջարկում: Մենք տոմսերը վաճառում ենք միայն օնլայն»,-ասաց Ռադոն:
Նա նաեւ հավելեց, որ ուղեւորները պետք է վճարեն միայն այն ծառայությունների համար, որոնք ուզում են ունենալ. «Այսինքն դուք ուղեբեռի կամ սննդի կարիք չունեք, ստիպված չեք դրա համար վճարել: Եթե ունեք միայն 10 կգ-անոց պայուսակ, պետք է վճարեք միայն այդ 10 կգ-ի համար:
Օդանավում նստատեղերի խտությունը շատ է, նաեւ մենք մեր օդանավերը օգտագործում ենք օրական միջինը 12,5 ժամ, իսկ ամռանը դա հասնում է 13 ժամի»:
Ընկերության Կորպորատիվ համագործակցության ղեկավարն ասաց, որ վերջին 15-16 տարիներին իրենք 235 մլն ուղեւոր են տեղափոխել. «Ներկայումս ունենք 120 օդանավ, Երեւանը ներառած ունենք 153 օդանավակայան, որ սպասարկում են մեզ: Եվրոպայում ունենք 25 բազաներ, Լոնդոնի բորսայում ցուցակված ընկերություն ենք՝ 5 մլրդ ֆունտից ավելի արժեքով:
Մի քանի տարի հետո ունենալու ենք 300 օդանավ, եւ հնարավորություն կունենանք տարեկան 100 մլն ուղեւոր տեղափոխել: Կունենանք 10 հազար աշխատակից:
Նախատեսել ենք, որ պատմության մեջ ամենաշատ օդանավերի գնումներն ենք իրականացնելու»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ Wizz Air-ը Եվրոպայի ամենականաչ ավիաընկերությունն է: