Թրամփի փաստաբանը հայտարարել է Ջո Բայդենի որդու դեմ մեղադրանքների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին հայտարարել է, որ իրեն հաջողվել է վկաներ եւ փաստաթղթեր հավաքել, որոնք, իբր, ապացուցում են, որ դեմոկրատներն իմփիչմենթի ներկա ընթացակարգով ձգտում են կոծկել Burisma ընկերության կողմից օրենքի խախտումները եւ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի մասնակցությունը միլիոնավոր դոլարների լվացմանը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Դեմոկրատները սկսել են Թրամփի իմփիչմենթը՝ նրան կասկածելով այն բանում, որ նա ուշացրել է Ուկրաինային ռազմական օգնությունն ու օգնության դիմաց պահանջել հետաքննություն անցկացնել իր քաղաքական ընդդիմադիր Ջո Բայդենի ու նրա որդու՝ Հանթերի դեմ։ Թրամփը հայտարարում է, որ Ուկրաինայի իշխանություններից պահանջել է ընդամենը պայքար կոռուպցիայի դեմ։
«Իմփիչմենթը, որ սկսել են դեմոկրատները անմեղ վարքի համար, նպատակ ունի խանգարել (ԱՄՆ նախկին նախագահ Բարաք) Օբամայի ժամանակների կոռուպցիայի՝ ԱՄՆ միլիարդավոր դոլարների լվացման, միլիարդների աննպատակային օգտագործման, դրամաշորթության, կաշառքի, Ուկրաինայի հետ Դեմոկրատական ազգային կոմիտեի դավադրության (թեկնածու Թրամփին վերացնելու նպատակով) հետագա հետաքննություններին»,- գրել է նա Թվիթերի իր հաղորդագրություններից մեկում։
Ջուլիանին նման հայտարարությամբ հանդես է եկել իր Հունգարիա, Ավստրիա եւ Ուկրաինա կատարած այցելության արդյունքների հիման վրա։ Իր թվիթները նա լուսաբանել է ֆիլմ-հետաքննության դրվագներով, որը նկարահանվել է այդ ուղեւորության ժամանակ։
Ջուլիանին նկարագրում է 16 մլն դոլար գումարի շարժը ընկերությունների շղթայով, այդ թվում Կիպրոսում, որի վերջում 3 մլն-ը, ինչպես հավաստիացնում է իրավաբանը, հայտնվել է Հանթեր Բայդենի մոտ։ Պաշտոնական նամակը՝ թվագրված 2016 թվականի փետրվարով, որտեղ նշվում է փողերի լվացմանը Բայդենի եւ Burisma-ի հնարավոր մասնակցության մասին, ուկրաինական իշխանությունները ստացել են Լատվիայի դատախազությունից։ Փաստաթղթի պատճենը ցուցադրված է տեսնյութերից մեկում։
Վկաներից մեկը՝ Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոխինը, հաստատել է, որ հիշում է այդ փաստաթուղթը։ Շոխինը հեռացվել է պաշտոնից, նրա խոսքով, անձամբ Ջո Բայդենի ճնշմամբ հակակոռուպցիոն հետաքննության պատճառով, որը նա վարում էր Burisma-ի դեմ։ Հենց Շոխինի ցուցմունքներն են լինելու թիվ մեկ ապացույցը, ասված է տեսանյութում։
Եվս մեկ վկա է Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն, որը զբաղեցրել էր Շոխինի տեղը։ Ջուլիանիի խոսքով՝ նրա ցուցմունքները վկայում են, որ Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը առնվազն երկու անգամ երդման տակ ստել է Կոնգրեսում։ Մասնավորապես, նա պնդել է, որ Լուցենկոն իրեն ոչ մի տեղեկություն չի տվել կասկածելի սխեմայով ԱՄՆ 7 մլրդ դոլար դուրս բերելու մասին։ Ի պատասխան դրա՝ Լուցենկոն ցույց է տվել նամակ, որն ուղարկվել է ամերիկյան դեսպանություն 2017 թվականի հոկտեմբերին։
Բացի այդ, հավաստիացնում է Ջուլիանին, Յովանովիչը հրաժարվել է վիզաներ տալ նրանց, ովքեր կարող էին եւ ցանկանում էին լույս սփռել «Բայդենի ու դեմոկրատների կոռումպացվածության վրա»։
Կան նաեւ երեք վկաներ, որոնց անվանում են «բարձրաստիճան պաշտոնյա, դիվանագետ եւ ուկրաինական խորհրդարանի անդամ»։ Նրանցից յուրաքանչյուրը, ասվում է տեսանյութում, երդման տակ հայտարարել է, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը դավադրության մեջ է մտել ուկրաինացի պաշտոնյաների հետ՝ միջամտելու 2016 թվականի ընտրություններին։
Burisma Group-ի շուրջ իրավիճակը հայտնվել է ուշադրության կենտրոնում ԱՄՆ եւ Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցից հետո, որի մասին հետախուզության՝ անունը չնշած աշխատակիցը դժգոհել է իր ղեկավարությանը։ Հրապարակվել է հեռախոսազրույցը, հետո նաեւ բողոքը։ Սղագրությունը հաստատել է, որ Թրամփը խնդրել է Զելենսկուն Burisma Group-ի եւ Հանթեր Բայդենի գործունեության հետաքննություն անցկացնել։