Էրդողանը ԱՄՆ-ին սպառնացել է ճանաչել հնդկացիների ցեղասպանությունը՝ ի պատասխան Հայոց ցեղասպանության ընդունմանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի խորհրդարանը կարող է ընդունել Ամերիկայի գաղութացման ընթացքում հնդկացիների ցեղասպանության մասին բանաձեւն՝ ի պատասխան ԱՄՆ-ի Սենատի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրության ժամանակ Հայերի ցեղասպանության ճանաչմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մենք բացել ենք ավելի քան մեկ միլիոն փաստաթուղթ 1915 թվականի իրադարձությունների մասին: Եկեք, ուսումնասիրեք: Մենք խոսում ենք՝ ձեռքում պահած փաստաթղթերը: Մենք նույնպես պետք է ձեր դեմ քայլեր ձեռնարկենք մեր խորհրդարանի այդօրինակ որոշումներով: Եւ մենք դա կանենք: Կարելի՞ է արդյոք լռել հնդկացիների վերաբերյալ Ամերիկայի մասին խոսելիս: Դա ԱՄՆ-ի խայտառակ էջն է»,-ասել է Էրդողանը A Haber հեռուստաալիքի եթերում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւը, որը ներկայացվել է սենատոր Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Քրուզի կողմից 4-րդ անգամ:
Ավելի վաղ բոլոր փորձերը ձախողվում էին ուրիշ սենատորների կողմից, որոնք կիրառում էին վետոյի իրենց իրավունքը բանաձեւի նկատմամբ Սպիտակ տան խնդրանքով: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նույնպես ընդունել է Հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: