«Աստղիկ» ԲԿ-ում ավարտվել է Հայաստանում երկրորդ չափահաս պացիենտի լյարդի փոխպատվաստումը․ Քույրը քրոջն է նվիրաբերել իր լյարդի մի մասը (Լուսանկարներ)
«Աստղիկ» բժշկական կենտրոնում երեկ ավարտվել է Հայաստանում երկրորդ չափահաս պացիենտի լյարդի փոխպատվաստումը։ 23-ամյա աղջիկը իր լյարդի մի մասը նվիրաբերել է 24-ամյա քրոջը, ով լյարդի ցիռոզ ուներ։
Վիրահատությունը տեւել է 8,5 ժամ։ Այն կատարել է նույն թիմը, որը մի քանի ամիս առաջ իրականացրեց ՀՀ-ում առաջին լյարդի փոխպատվաստումը, մասնավորապես՝ Աստղիկ բկ-ի՝ վիրաբուժական գծով փոխտնօրեն, պրոֆեսոր Հայրապետ Բարսեղյանը, վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, բգթ, դոցենտ Արայիկ Ոսկանյանն ու վիրաբուժական բաժանմունքի ամբողջ թիմը։ Հայ մասնագետների հետ աշխատել է նաև ՌԴ Բուռնազյանի անվան պետական բժշկագիտական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Սերգեյ Ոսկանյանը, ով Երեւան է ժամանել վիրահատությանն աջակցելու նպատակով։
Այժմ թե դոնորը, թե ռեցիպիենտը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, նրանց վիճակը կայուն է։
Հիշեցնենք, որ 56-ամյա կինը՝ լյարդի ցիռոզով, որն առաջ էր եկել հեպատիտ С-ի պատճառով, դարձել էր Հայաստանում առաջին պացիենտը, որին դոնորական լյարդ փոխպատվաստվեց։ Նրան եւս վիրահատել էր «Աստղիկ» ԲԿ-ի թիմը։ Դոնորը նրա 20-ամյա աղջիկն էր։
Հոկտեմբերի 22-ին «Արաբկիր» ԲԿ-ում կատարվել էր Հայաստանում լյարդի առաջին փոխպատվաստումը անչափահաս պացիենտին։ Ինչպես լրագրողներին հայտնել էր բուժկենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը, պացիենտը 10 տարեկան 8 ամսական էր։ Նա տառապում էր լյարդի բնածին ֆիբրոզով՝ վտանգավոր հիվանդություն, որն առանց լյարդի փոխպատվաստման կսպաներ նրան առաջիկա ամիսներին։ Պացիենտի համար դոնոր է դարձել հայրը, որը նրան է տվել իր լյարդի մի մասը։
Աղբյուրը՝ News.am Medicine