ԱՄՆ նախկին փոխնախագահը մեկնաբանել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենն իր Twitter-յան էջում մեկնաբանել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը:
Ողջունելով ԱՄՆ Սենատի կողմից բանաձեւի ընդունումը՝ Բայդենը նշել է. «Եթե մենք անցյալն ամբողջությամբ չընդունենք, ապա «այլեւս երբեք» բառերը կկորցնեն իրենց իմաստը: Փաստերը պետք է նույնքան հստակ եւ համոզիչ լինեն ինչպես ապագա սերունդների համար, այնպես էլ նրանց, որոնց հիշողությունները մռայլված են ողբերգությամբ»,- նշել է Բայդենը:
Նշենք, որ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը: Բանաձեւը 4-րդ անգամ ներկայացրել էին սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Թեդ Քրուզը:
Ավելի վաղ բոլոր փորձերը կանխվում էին այլ սենատորների կողմից, որոնք բանաձեւի վրա վետո էին կիրառում Սպիտակ տան խնդրանքով: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նույնպես բանաձեւ է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: