Ռուսաստանը և Ճապոնիան լուսնային ռոբոտ են ստեղծում
«Անդրոիդային տեխնիկա» գիտաարտադրական միավորումը (տիեզերքում եղած «Ֆեդորայի» ստեղծողը) նախատեսում է GITAI ընկերության (GITAI սթարտապ) ճապոնացի գործընկերների հետ համատեղ ստեղծել ռոբոտ Լուսնի մակերեսին առաջադրանքների կատարման համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ընկերության գործադիր տնօրեն Եվգենի Դուդորովին։
«Ճապոնացի գործընկերները մտածում են մոտավորապես նույն ուղղությամբ, ինչ եւ մենք. դա ռոբոտատեխնիկական համալիրների պլանաչափ մշակում է՝ մերձավոր եւ հեռավոր տիեզերքի յուրացման համար։ Որպես առաջնահերթ նպատակ ինչպես նրանք, այնպես էլ մենք տեսնում ենք Լուսինը, այսինքն՝ այն ռոբոտատեխնիկական համալիրները, որոնք կկարողանան գործել եւ օգտակար գործառույթներ իրականացնել Լուսնի վրա»,- ասել է Դուդորովը։
Գործադիր տնօրենը հավաստիացրել է, որ «GITAI ընկերությունը մասնագիտանում է անտրոպոմորֆ կառույցների աշխատանքներում»։ Նա ավելացրել է, որ ճապոնացի գործընկերները օգտագործում են կառավարման հագուստներ, որոնք նման են «Անդրոիդային տեխնիկայի» ստեղծածներին։ Այդ այսպես կոչված հարցադրող սարքերը թույլ են տալիս ռոբոտը կառավարել պատճենող ռեժիմով՝ մեքենան կրկնում է մարդ-օպերատորի շարժումները։
Ճապոնական ընկերության ներկայացուցիչները Ռուսաստան են եկել այս շաբաթ, բանակցությունների արդյունքներով համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել։ «Կստորագրենք համագործակցության համաձայնագիր։ Այնուհետեւ կկազմենք համատեղ ծրագրեր 2020, 2021 թվականների եւ հետագայի համար»,- նշել է Դուդորովը՝ ավելացնելով, որ համաձայնագիրը կստորագրվի առաջիկայում։
Ռոբոտատեխնիկական համալիրի ստեղծման աշխատանքն ավարտելուց հետո, ասել է «Անդրոիդային տեխնիկայի» ղեկավարը, կողմերը նախատեսում են դիմել «Ռոսկոսմոսին» եւ JAXA-ին (ճապոնական տիեզերական գործակալություն) ռոբոտի կիրառումն ապահովելու համար։