Հայոց ցեղասպանության ճանաչման Սենատի բանաձևի ընդունումը անպատասխանատու քայլ է և «երկարաժամկետ վնաս» կհասցնի ԱՄՆ-ի հետ հարաբերություններին․ Անկարայի հայտարարությունն իրեն սպասել չտվեց
Օսմանյան կայսրությունում 1915թ․ Հայոց ցեղասպանության ճանաչման Սենատի բանաձեւի ընդունումը անպատասխանատու քայլ է, որը երկարաժամկետ վնաս կհասցնի թուրք-ամերիկյան հարաբերություններին, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Բանաձեւը ոչ մի լավ բան չի բերի Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններին․․․ Այն պատմության մեջ կմտնի որպես ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամների անպատասխանատու եւ իռացիոնալ գործողություններ Թուրքիայի դեմ։ Նրանք պատասխանատվություն կկրեն երկու երկրների հարաբերություններին երկարաժամկետ վնաս հասցնելու համար»,- գրել է նա Twitter-ում։
«Մենք ասել ենք, որ պատմությունը ոչ թե պետք է բաժանի ժողովուրդներին, այլ միավորի նրանց։ Սակայն ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամներ վերջին ամիսներին ամեն կերպ փորձում էին անտեսել ՆԱՏՕ-ում իր դաշնակցի տեսակետն ու զգոնությունը, եւ անպատասխանատու էին գործում՝ հարվածի տակ դնելով երկու ազգերի եւ երկրների կապերը»,- հայտարարել է պաշտոնյան։
Հիշեցնենք, Operativ լրատվականը հաղորդել էր, որ երեկ՝ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Ավելի վաղ նման բանաձեւ էր ընդունել Ներկայացուցիչների պալատը։
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ առթիվ Twitter–ի իր էջում գրել էր՝ ԱՄՆ Սենատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը արդարության և ճշմարտության հաղթանակն է: