ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Բանաձեւը 4-րդ անգամ ներկայացվել է սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Քրուզի կողմից։
Ավելի վաղ բոլոր փորձերը մերժվում էին այլ սենատորների կողմից, որոնք Սպիտակ տան խնդրանքով վետո էին դնում բանաձեւի վրա։
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախկինում արդեն ընդունել էր Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։
Բանաձեւը նախատեսում է Հայոց ցեղասպանության «պաշտոնական ճանաչում եւ հիշատակում»։ «Մենք հենց նոր ընդունեցինք Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Տեղին է եւ ճիշտ է, որ Սենատը գտնվում է պատմության ճիշտ կողմում»,- ելույթ ունենալով Սենատում՝ ասել է Մենեդեսը։
Թեդ Քրուզը նշել է, որ սա բանաձեւի ընդունման չորրորդ փորձն է։ «Արդեն երրորդ շաբաթն է, ինչ մենք ելույթ ենք ունենում Սենատի նիստերի դահլիճում՝ ձգտելով ընդունել այս բանաձեւը, եւ ես շնորհակալ եմ, որ մենք այսօր հաջողության հասանք։ Սա ճշմարտության պահն է, որը շատ երկար էր»,- ասել է Քրուզը։
Բացի Հայոց ցեղասպանության ճանաչումից, բանաձեւը նաեւ մերժում է ցեղասպանության հերքման հետ ԱՄՆ կառավարության «ներգրավման կամ ասոցացման» փորձերը եւ «դրա ծագման խրախուսումն ու հասարակական ըմբռնումը»։