Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հաստատել են, որ Սիրիայում հակամարտությունը ռազմական լուծում չունի
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հաստատել են ընդհանուր դիրքորոշումն այն մասին, որ սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք [ԱՄՆ պետքարտուղար] Մայքլ Պոմպեոյի հետ քննարկել ենք սիրիական հակամարտության կարգավորման խնդիրները: Մենք ընդհանուր դիրքորոշում ունենք, ինչն այսօր հաստատել ենք՝ որ ռազմական լուծում չկա, որ անհրաժեշտ է առաջ մղել համազգային ներառական երկխոսությունը»,- ասել է Լավրովը: Նա նշել է, որ դրա համար առաջին հերթին պետք է օգտագործվի քաղաքական գործընթացը Ժնեւում սիրիական սահմանադրական կոմիտեի աշխատանքի շրջանակում, ինչպես նաեւ պետք է որոնել «քաղաքական գործընթացին քրդերին ներգրավելու ուղիները»:
Լավրովն այնուհետեւ շարունակել է, որ Մոսկվայի կարծիքով՝ քրդերին ներգրավելն առաջին հերթին պետք է ընթանա Դամասկոսում կենտրոնական կառավարության հետ նրանց շփումների հաստատմամբ: ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ ռուսական կողմն այս մասին խոսում է քրդերի հետ՝ «ցույց տալով, որ սա Սիրիայում թե՛ քրդերի, թե՛ մյուս էթնիկ եւ դավանաբանական խմբերի շահերի ապահովման միակ հուսալի ճանապարհն է»: