Ավազակային հարձակումներ կատարած 4 քաղաքացին կալանավորվեցին. 2-ը՝ պայմանագրային զինծառայող են, 1-ն էլ տուժողի թոռը (Տեսանյութ և լուսանկարներ)
Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործեով ավագ քննիչներ Տիգրան Բաղյանն ու Հուսիկ Կարապետյանը միջնորդություններ են ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ՝ 23-ամյա Էդգար Խուրշուդյանի, Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 21-ամյա Անդրանիկ Խլխաթյանի, 27-ամյա Արտյոմ Հովհաննիսյանի և 27-ամյա Գուրգեն Մեսրոպյանի նկատմամբ։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դատարանը դռնփակ դատական նիստերն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչների միջնորդությունները և նշված անձինք կալանավորվել են։
Վերջիններս կասկածվում են վերջին օրերին հանրապետությունը ցնցած դիմակավորված, զենքի նմանվող առարկաներով ու դանակներով մի քանի ավազակային հարձակումներ կատարելու մեջ։ Քննիչները հայտնաբերել են նաև գողացված ապրանքների մի մասը, ինչպես նաև դիմակներ, որպես զենք օգտագործվող զենքեր ու դանակներ։
Բերման ենթարկվածներից Ա. Հովհաննիսյանը, Ա. Խլղաթյանը և Գ. Մեսրոպյանը եղել էին Opel մակնիշի ավտոմեքենայով, իսկ նրանց մոտ հայտնաբերվել էր գողացված ապրանքներ, դիմակներ: Վերջիններս, ինչպես նաև Է. Խուրշուդյանը, կասկածվում էին դեկտեմբերի 6-ին դիմակավորված, զինված ավազակային հարձակում կատարելու մեջ, երբ նշված անձինք ժամը 17:20-ի սահմաններում ներս էին մտել Մայակովսկի գյուղի 5-րդ փողոցի 38 տուն, որտեղ տանտիրուհու՝ 75-ամյա Մանյա Խ.-ի վրա զենքեր պահելով, սպառնալիքով հափշտակել էին ոսկյա իրեր, գումար, թանկարժեք ժամացույց ու դիմել փախուստի:
Է. Խուրշուդյանը Մանյա Խ.-ի թոռն է, իսկ Գ. Մեսրոպյանն ու Ա. Հովհաննիսյանը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։
Պարզվել էր նաև, որ այդ խումբը նմանատիպ մի քանի ավազակային հարձակումներ էլ էր կատարել, այդ թվում՝ մեկը՝ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Բոքոնիկ» շուրջօրյա խանութում, մեկը՝ Երևանի «Ֆլեշ» բենզալցակայանում, մեկը՝ Աբովյան քաղաքում, մեկն էլ՝ Արմավիրի մարզում:
Կալանավորված, Գյումրի քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Անդրանիկ Խլխաթյանն է
Կալանավորված, Գյումրի քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Արտյոմ Հովհաննիսյանն է
Կալանավորված, Երևան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Էդգար Խուրշուդյանն է (տուժածի թոռը)
Կալանավորված, Գյումրի քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Գուրգեն Մեսրոպյանն է