ՄԻԵԴ-ը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Օսման Կավալային
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային կոչ է արել ազատ արձակել գործարար եւ բարերար Օսման Կավալային՝ վճռելով, որ նրա իրավունքները խախտվել են, հայտնում է AFP-ը։
Կավալան կալանավորվել է 2017թ․՝ կառավարությունը տապալելու փորձի մեղադրանքով։ Նրա կողմնակիցները մեղադրանքների հիմքում քաղաքական դրդապատճառներ են տեսնում։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել էր Կավալային՝ նրան անվանելով ամերիիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսի լրտես։
ՄԻԵԴ-ը Ստրասբուրգում վճռել է, որ Թուրքիան չի կարողացել ապացուցել, որ «Կավալայի սկզբնական եւ շարունակական նախնական կալանքը արդարացված է խելամիտ կասկածներով, որոնք հիմնված են նրան վերագրվող գործողությունների օբյեկտիվ գնահատականների վրա»։ Թուրքիան «պետք է կիրառի բոլոր միջոցները, որպեսզի վերջ դնի հայցվորի կալանքին եւ ապահովի նրա անհապաղ ազատ արձակումը», վճռել է դատարանը։
Կավալան, որը կալանքի տակ է մնում, հունիսին կանգնել է դատարանի առջեւ, մեղադրվել է 2013թ․ Էրդողանի դեմ ցույցերով կառավարության եւ սահմանադրության տապալման փորձի եւ 2016թ․ պետական հեղաշրջման փորձի մեջ։ Նա մեղադրանքները հերքում է։
ՄԻԵԴ-ը հայտարարել է, որ նրա կալանավորումը հիմնավորված չէ քրեորեն պատժելի արարքների ապացույցներով։
«Այն փաստերի, տեղեկատվության կամ ապացույցների բացակայության պատճառով, որ պարոն Կավալան մասնակից է հանցավոր գործունեությանը, նա չի կարող հիմնավորված կասկածվել կառավարության տապալման փորձի մեջ»,- ասցում է ՄԻԵԴ-ի հայտարարության մեջ։
Դատարանը նաեւ վճռել է, որ գործի մեջ խախտումներն ունեցել են «Կավալային եւ նրա հետ միասին բոլոր իրավապաշտպաններին լռեցնելու թաքնված նպատակ»։
Էրդողանը 2018թ․ Կավալային անվանել էր «Թուրքիայում Սորոսի ներկայացուցիչ» եւ նրան մեղադրել էր «այս երկիրն ավերել փորձողներին աջակցելու համար իր միջոցներն օգտագործելու» մեջ։
Կավալան Մշակույթի անատոլիական հիմնադրամի նախագահն է։ Հիմնադրամը ձգտում է արվեստի եւ մշակույթի միջոցով հաղթահարել էթնիկական եւ կրոնական տարաձայնությունները։