Կիպրոսը չպետք է տրվի Թուրքիայի սադրանքներին․ Նիկոս Անաստասիադես
Կիպրոսը չպետք է տրվի Թուրքիայի սադրանքներին։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկոս Անաստասիադեսը, հայտնում է Cyprus Mail-ը։
Արձագանքելով լրագրողի այն մեկնաբանությանը, թե Թուրքիայում ուժեղանում է լարվածությունը, Անաստասիադեսը զսպվածության կոչ է արել։ «Եկեք չհետեւենք Անկարայի կուրսին, այսինքն՝ սադրանքին»,- նշել է նա՝ հավելելով, որ, անկասկած, չի կարելի անտեսել Թուրքիայի պլանները, եւ պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել միջազգային իրավունքի շրջանակներում։
Այն հարցին, թե արդյոք դա կարվի Աթենքի հետ միասին, նախագահը պատասխանել է․ «Իհարկե, համաձայնեցված։ Ոչ միայն Հունաստանի կառավարության, այլեւ ԵՄ-ի եւ, իհարկե, բարեկամ երկրների հետ շատ սերտ համագործակցությամբ»։
Թուրքիան վերջերս Լիբիայի կառավարության հետ հուշագիր է ստորագրել բացառիկ տնտեսական գոտիների սահմանազատման մասին, որը թե՛ Կիպրոսի, թե՛ Հունաստանի կողմից ընկալվում է, որպես իրենց ինքնիշխան իրավունքների խախտում։
Անցյալ շաբաթ Անաստասիադեսը հայտարարել էր, որ Կիպրոսը Հաագայի միջազգային դատարան հայց կներկայացնի, որպեսզի Թուրքիայի գործողություններից պաշտպանի իր իրավունքները։
Կիպրոսը սահմանազատման մասին համաձայնագրեր է ստորագրել Եգիպտոսի, Իսրայելի եւ Լիբանանի հետ, իսկ Միջերկրածովյան շրջանի արեւելքում բնական գազի հայտնաբերումից հետո նա համագործակցության եռակողմ մեխանիզմներ է ձեւավորել Իսրայելի, Հունաստանի եւ Եգիպտոսի հետ։