Զգուշացում արտերկրից ապրանք պատվիրողներին. Հունվարի մեկից 200 եվրոյից ավել ապրանքը մաքսազերծվելու է
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020թ. հունվարի 1-ից փոփոխություններ են լինելու անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու կարգում: Մասնավորապես` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման համաձայն` 2020 թվականի հունվարի 1-ից անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով կարող են ներմուծվել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման, եթե դրանց արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը (միջազգային փոստային առաքանու դեպքում՝ համաքաշը (բրուտտոն)) չի գերազանցում 31 կիլոգրամը:
Փաստորեն, միության անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային առաքումներով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների համար 2020 թ. հունվարի 1-ից պետք է վճարվեն մաքսատուրք և հարկեր 0% միասնական դրույքաչափով, եթե տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը, իսկ արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամը: Մինչդեռ եթե ընդհանուր քաշը գերազանցում է 31 կիլոգրամը, կամ արժեքը գերազանցում է 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամը, ապա պետք է վճարվեն մաքսատուրք և հարկեր գերազանցող մասի համար՝ 15% միասնական դրույքաչափով, սակայն ոչ պակաս, քան 31 կիլոգրամը գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամի համար 2 եվրոյին համարժեք ՀՀ դրամը:
2020թ. հունվարի 1-ից կվերացվեն նաև առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման ֆիզիկական անձանց կողմից փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային առաքումներով ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների հաճախականության սահմանափակումները:
ՊԵԿ-ը հայտնում է, որ փոփոխությամբ պայմանավորված` մաքսային մարմինները կուժեղացնեն ապրանքների իրական արժեքը պարզելուն ուղղված հսկողությունը: