Ֆրանսիայում համայնքապետերից մեկն արգելել է տեղաբնակներին մահանալ իրենց տներում հանգստյան եւ տոն օրերին
Ֆրանսիայի շուրջ 900 բնակիչ ունեցող Լա Գրել համայնքի ղեկավար Իզաբել Դյուժլեն արգելել է տեղի բնակիչներին մահանալ իրենց տներում հանգստյան եւ տոն օրերին: Նա այդ մասին համապատասխան հրաման է ստորագրել, հաղորդում է Lenta-ն՝ հղում կատարելով համայնքի պաշտոնական կայքին:
Այդ որոշումն ընդունվել էր տարածաշրջանում բժիշկների կրիտիկական պակասի նկատմամբ հանրության ուշադրությունը գրավելու համար: «Այդ սադրիչ հրամանի ենթատեքստում բազմաթիվ բնակիչների ամենալուրջ խնդիրներից մեկն է՝ առողջապահական իրավիճակը համայնքում»,-ասվում է համայնքապետի հայտարարության մեջ:
ՌԻԱ Նովոստի-ի տեղեկություններով՝ անցած շաբաթ Դյուժլեն ստիպված էր դիմել հարեւան շրջանի բժիշկներին համայնքի բնակիչներից մեկի մահը հաստատելու համար: Նշվում է, որ այդ պահին տղամարդու բուժող բժիշկը չէր աշխատում, իսկ շտապ օգնությունը գտնվում էր ուրիշ շրջանի ենթակայության տակ, որտեղ նույնպես կա մասնագետների պակաս: