Գվատեմալայի Կոնգրեսի առաջին փոխնախագահը կողմ է ազգերի ինքնորոշման իրավունքին․ Նա հանդիպել է Աշոտ Ղուլյանի հետ (Լուսանկարներ)
Արցախի ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանային և Կոնգրեսի պատգամավոր, նախագահության քարտուղար Խուան Ռամոն Լաուին, ովքեր Ստեփանակերտ են ժամանել Հայաստանի Հանրապետության ԱԺ-ի պատգամավոր Սոս Ավետիսյանի ուղեկցությամբ, տեղեկանում ենք Արցախի ԱԺ-ի ֆեյսբուքյան էջից։
Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Գվատեմալայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության այցն Արցախ բարեկամության նոր հեռանկարներ է բացում՝ Կենտրոնական Ամերիկայի երկրների հետ միջխորհրդարանական կապեր հաստատելու համար: Աշոտ Ղուլյանը հյուրերին տեղեկություններ է փոխանցել Արցախի պետականաշինության, խորհրդարանում ձևավավորված բարեկամական խմբերի ու շրջանակների մասին:
Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանան, խոսելով այցի մասին, նշել է, որ մեծ պատիվ է համարում Արցախում գտնվելը և կարևորում երկխոսության միջոցով երկրի մասին ճշգրիտ տեղեկությունների հավաքագրումը: Խոսելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մասին՝ Ֆելիպե Լորենզանան շեշտել է, որ կողմ է ազգերի ինքնորոշման իրավունքին և հակամարտության բոլոր կողմերի մասնակցությամբ խնդիրի բանակցային ճանապարհով կարգավորմանը: Նա Արցախի խորհրդարանի ղեկավարին նաև հաղորդել է իրենց այցով՝ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի հետ սկիզբ առած գործնական հարաբերությունների՝ մասնավորապես, օրերս երկու խորհրդարանների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման մասին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կոնգրեսի պատգամավոր և նախագահության քարտուղար Խուան Ռամոն Լաուն կարևորել է Լատինական Ամերիկայում մեր տարածաշրջանի վերաբերյալ անաչառ տեղեկատվության տարածումը և երկրների միջև համագործակցության խորացումը:
Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, բանակցային գործընթացին, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործունեությանը վերաբերող թեմաներ:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը: