Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, հայ պատմաբան, թարգմանիչ Սիմոն Կրկյաշարյանը կդառնար 96 տարեկան
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, հայ պատմաբան, թարգմանիչ Սիմոն Կրկյաշարյանը կդառնար 96 տարեկան:
Սիմոն Միսակի Կրկյաշարյան (1923, դեկտեմբերի 7, Աթենք, Հունաստան - 2011, հունվարի 5, Երևան), հայ պատմաբան, թարգմանիչ, աղբյուրագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1982), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2000), Հռոմի «Տիբերինա» ակադեմիայի թղթակից անդամ (1987), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1977)։ ԽՄԿԿ անդամ 1965 թվականից:
Կենսագրություն
Սիմոն Կրկյաշարյանը ծնվել է Աթենքում։ 1941-1945 թվականներին մասնակցել է Հունաստանի դիմադրական շարժմանը։ 1944-1946 թվականներին սովորել է Աթենքի ազգային համալսարանում: 1946 թվականին Աթենքում լույս է տեսել Կրկյաշարյանի հունարեն գրած «Ցայգալույս» բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն։ 1947 թվականին հայրենադարձել է։ 1954 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտը: Որպես Հայաստանի ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտ սովորել է Լենինգրադի համալսարանում: 1948-1950 թվականներին եղել է Երևանի թիվ 48 դպրոցի ուսուցիչ, 1955-1958 թվականներին՝ Հայպետհրատի թարգմանիչ, 1962-1968 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կրտսեր, 1968-1986 թվականներին՝ ավագ, 1986-1990 թվականներին՝ առաջատար, 1990-1992 թվականներին՝ գլխավոր գիտաշխատող։ Հիմնական աշխատությունները վերաբերում են հին Հայաստանի հասարակական, տնտեսական և քաղաքական պատմությանը, աղբյուրագիտությանը։ Կատարել է բազմաթիվ թարգմանություններ հին հունական աղբյուրներից։ 1966-1975 թվականներին և 1996 թվականին դասավանդել է Երևանի պետական համալսարանում, 1976-1992 թվականներին՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։
1977 թվականից եղել է ԽՍՀՄ Գրողների միության, 1987 թվականից՝ Հռոմի «Տիբերինա» ակադեմիայի թղթակից անդամ:
Սիմոն Կրկյաշարյանի Թարգմանությունները
Հոմերոս, Ոդիսական, Երևան, 1957, 368 էջ:
Կոստաս Վառնալիս, Սոկրատեսի ճշմարիտ պաշտպանականը, Երևան, 1963, 68 էջ:
Էֆի Պոնսելինու, Աթենքի փողոցները (վեպ), Երևան, 1968, 290 էջ:
Քսենոփոն, Անաբասիս, Երևան, 1970, 284 էջ:
Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, պրակ 9. Հովսեփոս Փլավիուս, Դիոն
Կասիոս, Երևան, 1976, 266 էջ:
Ալեքսանդուլոս Միցոս, Հայերը (Ուղևորություն նրանց երկրում և պատմության մեջ), Երևան, 1984, 240 էջ:
Հին հունական աղբյուրներ, պրակ 2: Դիոդորոս Սիցիլիացի, Երևան, 1955, 202 էջ:
Հերոդոտոս, Պատմություն ինը գրքից, Երևան, 1986, 652 էջ: