Երգչուհի Ալիշա Քիզը երկրորդ անգամ կվարի «Գրեմմի» մրցանակաբաշխությունը. երգչուհին խոստացել է այն «սիրո տոնի» վերածել (լուսանկարներ)
Ամերիկացի երգչուհի Ալիշա Քիզը երկրորդ անգամ կվարի «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունը. երգչուհին խոստացել է այն «սիրո տոնի» վերածել, գրում է Daily Mail-ը;
Հունվարի 26-ին կայանալիք «Գրեմմի» մրցանակաբաշխությունից իր ակնկալիքների վերաբերյալ հարցին 38-ամյա Քիզը պատասխանել է. «Ես ցանկանում եմ այն սիրո տոնի վերածել, որտեղ կտոնենք միմյանց արժանիքներն ու պարզապես կվայելենք երեկոն»:
Երգչուհու խոսքով՝ մենք ապրում ենք ծանր ժամանակներում, և մի փոքր զվարճանքը չէր խանգարի:
Քիզը, ինչպես հաղորդում է աղբյուրը, «Գրեմմի»-ի պատմության մեջ ռեկորդ կսահմանի՝ դառնալով առաջին կինը, որը մրցանակաբաշխությունը կվարի երկու անգամ:
Քիզի՝ մրցանակաբաշխությունը վարելու մասին անցյալ ամիս հայտարարել էր ԱՄՆ ձայնագրման ընկերությունների ասոցիացիան (Recording Academy): Երգչուհու խոսքով՝ առանց երկմտելու և մեծ սիրով է ընդունել ասոցիացիայի առաջարկը:
Ալիշան իր երաժշտական կարիերայի ընթացքում վաճառել է ավելի քան 30 միլիոն ալբոմ։ Ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ 14 «Գրեմմի»: