Ռուսաստանը եւ Թուրքիան կարող են պայմանավորվել Ս-400-ի վերաբերյալ նոր պայմանագրի շուրջ
2020 թվականին Ռուսաստանը եւ Թուրքիան, մեծ հավանականությամբ, պայմանագիր կստորագրեն Անկարային Ս-400 Տրիումֆ ԶՀՀ լրացուցիչ խմբաքանակի մատակարարման մասին, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւին:
«Մենք այս հարցի շուրջ համաչափ աշխատում ենք: Ամենագլխավորն այն է, որ երկու կողմից այս ոլորտում համագործակցությունը շարունակելու տրամադրվածություն կա»,- հայտարարել է Շուգաեւը:
Ավելի վաղ Թուրքիայի կողմից Ս-400-ի լրացուցիչ խմբաքանակի հնարավոր գնման մասին խոսել էին ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը եւ «Ռոսօբորոնէքսպորտի» ղեկավար Ալեքսանդր Միխեեւը:
Թուրքիան Ռուսաստանից Ս-400-ի 4 դիվիզիոն է գնել: Հոկտեմբերի 23-ին «Ռոսօբորոնէքսպորտից» նշել էին, որ Ռուսաստանը այդ պայմանագիրը ժամկետից շուտ է կատարել՝ Թուրքիային մատակարարելով Ս-400 համակարգի բոլոր տարրերը, ներառյալ հրթիռները: